18:48 , 17 օգոստոս, 2012
Լեռնային մի գյուղ. երեկոյան ժամ: Պառավները տան շեմքին նստած զրուցում են: Մեկը, որի երեսը ճմրթված ու կորած էր կնճիռներում, և որի աչքերը հիշեցնում էին իկոնայի տիպիկ դետալ, իսկ ոսկրոտ ձեռքերում վարժ տեր ողորմիան էր պտտվում, ասաց.
- Ոսկու բաբո, երեկ մառանում թոնդրի Թորոսի ոգին տեսա: Նորից ալյուր էր թռցնում:
Այս խոսքից հետո բոլորը խաչակնքեցին ու համարյա միաժամանակ ասացին.
- Մեղայ աստոծ:
Ոսկու բաբոն ավելի թարմ էր մյուսներից, չնայած տարիքին` կարմիր թշերով: Իսկ սպիտակ ծամերը փոխանակ ծերացնեին, ջահելացնում էին նրան: Սա իր խոշոր ծնկներին զարկեց, խաչակնքեց, ասաց.
- Էդ արնախում ննջեցյալ- մահաբերին քշելու համար տեր Պողոսից սուրբ ջուր ուզի ու մառանումդ շաղ տուր, Ծաղկո ջան, կանհետանա:
Պառավներից քիչ այն կողմ թավ ու հաստաբուն ծառերով անտառն էր սկսվում: Գերաններ կային, որոնց վրա` դեռատի, դեռ չպսակված աղջիկներ, ովքեր հաճար ու դդմակորիզ էին ուտում: Մեկը մյուսի թուխ ու մուգ ծամերը հյուսում էին: Արդեն երկնքի լազուրում հայտնվել էր լիալուսնի հետքը, մութ անտառից լսելի էր խլահավի միապաղաղ կանչը, իսկ գյուղից` ծեր շների խռպոտ, թավ հաչը: Աղջիկները մոտեցան պառավներին, որոնք լռել էին ու լուսնին էին նայում և մեկը մյուսի հետևից տարբեր հոգոցներ հանում:
_Օխ տեխտե, հիշում եք. սրանց տարիքի էինք, հայլուց հոգի էինք կանչում, հետը զրից անում,- կեռ ձեռնափայտն ուղղելով դեպի աղջիկները`ասաց երկարաքիթ, չեչոտ երեսով, մի աչքը խուփ, գլխին` թասակ, ծեր կինն ու սատանայական հնչերանգով քրքջաց, որը տարածվեց անշարժ ու լուռ անտառում:
Շների հաչը փոխարինվեց ոռնոցով, իսկ խլահավին միացավ կույր բուն: Աղջիկներից մեկը, որի հագին սպիտակ զգեստ էր` կովկասյան կարմիր նախշերով, իր շեկ մազափնջի հետ խաղալով, պառավի ֆռազից հետո հակվեց վերջինիս ընդհուպ մինչև չեչոտ գլուխն ու փայլուն աչքերով ասաց.
_ Սոնա տատ, դու հին թվերին հոգի էիր կանչում: Ինչպես:
_ Սովորականից էլ հեշտ, աչիկո ջան, զրմանում եմ դուք ընչի էդ թավուր բաները չեք սիրում:
Խոսելիս պառավն առաջ էր եկել ու հենվելով ձեռնափայտին`բարձրացրեց երեսը, որը լուսավորվեց լուսնյակի լուսով, ու դրա ներքո երևաց խուփ աչքի արնակալած, լոզոտ, փառապատ ակնագունդը, որ դեսուդեն էր լինում: Ավելի պարզ ընդգծվեցին աչքերից վար խոր ակոսները: Աղջնակը սառը սարսափով ետ քաշվեց, ընկերուհիների մեջ մտավ:
_ Հելեն, բանիդ կաց, գործ չունես հոգի կանչելու հետ: Մենք ջահել վախտը Աստծո խաչից ու աջից հեռու էինք: Հոգուդ մեղք չանես,_ ասաց Ոսկու բաբոն նախատող տոնով ու նորից լիքը լիքը ծնկներին զարկեց: Իսկ աղջիկները նորից մոտեցան պառավներին: Նրանցից մեկը, որ երկու ձեռքով բաց փարթամ ուսերը շփում էր, որոնց վրա թափվել էին սև ծամերը ու այդ ծամերը ավելի ձնագույն էին դարձնում նրա երեսն ու ուսերը, դողալով հարցրեց.
_ ինչպես էիք ննջեցյալներին կանչում. չեմ հավատում:
_ Նստում էինք հայելու աղաքը, աքլորարինը արծաթե թասն էինք ածում, մոմը կաթացնում միջին, ասում.
<<Սև քարի տակին
Օձի պես սողեր,
Ֆողի պես մաղեր,
Ուռի պես դողեր.
Թե մարթ ա` միրուքը վե գա,
Թե կնիկ ա` մազերը թափվի, չանեն կախ ըլի>>...
Նորից քրքջաց պառավը, հետո քորեց մազոտ ծնոտը:
_ Բեջուռային մի լսե, սիրունս: Սոնա, լիզուդ ծակվի. երբ տես սատկի:
_ Դու ինձանե տարիքով ես. հնենց որ Գաբրիելը քեզ ավելի շուտ կտանի վերին Երուսաղեմ, Ոսկու ջան:
Ծաղկո տատը բռնեց այն աղջկա կարճ փեշից, որի փարթամ ուսերը բաց էին ու ասաց.
_ էս ինչ ես հագել, գնա տուն. կմրսես: Հետն էլ էծերին խոտ կտաս:
_ Է, թող, այ տատ:
Աղջիկները հեռացան, կորան. մութի մեջ միմյանց փաթաթված, դողդղալով քայլում էին գյուղի ճամփով ու զրուցում: Այն նույն սևահեր ասաց.
_ Է, աղջկեք, մի հոգի կանչենք, տեսնենք` Խեչանց Վահանը ինձ դուզ սիրում ա, թե հոգուս հետ խաղ ա տալիս:
_ Էկեք,- բացականչեցին բոլորը միասին ու շարունակեցին քայլել: Հետո կանգ առան մաշված քարով աղբրի մոտ. հերթով ջուր էին խմում, քրքջում: Հանկարծ նրանց երկու ձիավոր մոտեցան, ձիերը քշեցին. աղջիկների մեջ մտան: Աղջիկները վախեցած, ճչալով ցրվեցին: Մեկը մտավ սրանց մեջ ու ձիով սկսեց պտտվել Հելենի շուրջ, ապա կռացավ ու համբուրեց:
_ Թող, Լեկո, տատս կտեսնի:
_Չեմ թողնի, մինչև չասես` ինձ հետ երբ տես պսակվի,- էս ասողը մի ահագին ջանավար` քսան-քսաներկու տարեկան, լայնաթիկունք, սև բեղերով, սև հագած, գլխին` սպիտակ փափախ, մի ջիգիթ էր:Հելենը ծիծաղեց, բռնեց ձիու սանձն ու սկսեց շոյել ձիու քրտնած գլուխը, որի ռունգերից գոլորշի էր դուրս գալիս:
_Թե ուզում ես հետդ պաչվիմ, ինձ համար արծաթ թասով աքլորարին բեր:
_Արինը ընչիդ ա,- զարմացած հարցրեց Լեկոն, ապա լիաթոք քրքջաց ու ասաց.
_ Կբերեմ, սիրունս,- ու հեռացավ` սափրագլուխ ընկերոջ հետ, որը կարմիր, կախ բեղերը ոլորելով` հարցրեց.
_ Ախպեր, արինը յարիդ ընչին ա:
_ Չեմ գիդե, այ տա, դու մի աքլոր ճարի:
Լուսինը լուսավորում էր գյուղի տների կղմինդրե տանիքները, իսկ խլահավը լռել էր: Փոխարենը` շների բազմաձայն ոռնոցն էր սաստկացել: Հելենը, ընկերուհիների հետ մութ սենյակում նստած, մի քանի մոմ վառած, զրուցում էր ու ծիծաղում: Այդ սենյակը, որտեղ որ նրանք էին գտնվում, պատերը կիրածեփ էին, տեղ- տեղ` թափված: Պատերի վրա տոհմի լուսանկարներ կային, նաև մաշված ձունձեր կային կախված, իսկ միակ` փոշոտ ապակիներով ու ճանճի կեղտերով պատված, նեղլիկ պատուհանից երևում էր լուսինը, որն ամպերի ետևն անցավ: Սենյակում կար թախտ ու փոքրիկ բուխարի: Հելենն ասաց.
- Եկեք, Լեկոյիս գլխին խաղանք:
- Ոնց,- հարցրեց սևահերը:
- Ես կմտնեմ հայլիով պահարանը: Հենց Լեկոն արինը բերի, նստեցեք, ասացեք, որ ես շուտով կգամ:Հելենը ընկերուհիների օգնությամբ տեղավորվեց հնաոճ, կաղնե պահարանում: Աղջիկները ծալապատիկ նստել էին, երբ ծանր դուռը ճռռոցով բացվեց, ներս մտավ Լեկոն` իր ահռելի հասակով: Նրա արնոտ ձեռքում մի արծաթե թաս էր, իսկ մյուս ձեռքում` լեզուն կախ աքլորի գլուխ: Աղջիկները վախից ճչացին, ապա ասացին.
_ Աքլորի գլուխը պետք չէ:
Լեկոն այն ճզմեց, ու դրանից արյուն ծորեց թասի մեջ: Ապա նետեց բուխարիկի մեջ.
_ Ուր ա յարս:
_ Շուտով կգա: Դու թասը էստեղ դիր. հատակին:
Հատակի վրա մի շրջանակ էր գծված, որի մեջ էլ` հնգաթև աստղ: Աղջիկները թասը դրա միջնամասում տեղավորեցին, պատուհանի կտավե վարագույրը քաշեցին, որ լուսինը չերևա, մոմերը վերցրին, շրջանաձև նստեցին ու սկսեցին մրմնջալ Սոնա տատի աղոթքը.
_Սև սարի տակին,
Սև քարի տակին
Օձի պես սողեր, ֆողի պես մաղեր,
Ուռի պես դողեր.
Թե մարթ ա` միրուքը վե գա,
Թե կնիկ ա` մազերը թափվի, չանեն կախ ըլի...
Ու սկսեցին մոմերը կաթեցնել արյունով լի թասի մեջ: Լեկոն նստեց թախտին, հանեց սպիտակ փափախը, սկսեց չորացած, կարմիր արյունը մաքրել ձեռքերից: Նա սառած աչքերով հետևում էր ոգեկոչության ընթացքին: Հետո բոլորի աչքերը ուղղվեցին դեպի հայելին: Լեկոն նույնպես հայելուն նայեց. այն սկսեց դողդղալ, իսկ էնտեղից անորոշ կանացի ձայն հիշեցնող հնչյուններ եկան, ապա լռություն տիրեց, հետո բոլորը միասին սկսեցին երգել.
-Աչքը` աչքին, այտը` այտին, գանգը` գանգին, ալ ծաղիկը հերը հնձի, որդին հողումը թաղի, կացին վերցնի` սատանի պոչը կտրի...
Ապա հայելու դուռը թափով բացվեց, ու միջից սև հագած մեկը դուրս թռավ: Աղջիկները գլխամոլոր փախան սենյակից` իրար հրելով, խանգարելով ու ճչալով: Իսկ Լեկոն գոտուց կախ դանակը հանեց, թռավ չորքոտանի վազող էակի վրա ու կողը խրեց կեռաձև խանչալը: Էակն ընկավ ու տնքոցով ճչաց.
_ Ինչ արիր, արջ...
Լեկոն, ծանոթ ձայնից սարսափած, կտրուկ բացեց վարագույրը ու տեսավ հատակի ածխե գծապատկերը, թասից թափած արյան կողքին մեկնված թխահեր Հելենին, որ զինվորական շինել էր հագել: Նա գալարվում էր ցավերից, վարդե շուրթերից արյուն էր ծորում, իսկ դանակը կողն էր խրած: Լեկոն վայրի բղավյունով նետվեց , Հելենի` հոգեվարքի մեջ գտնվող, տաք մարմինը գրկեց. աղջկա փեշը ծնկից վեր բացվեց.
_ Արջ, ինչ արիր,-կրկնեց Հելենն ու թույլ գրկեց Լեկոյի շլինքը:
Լեկոն համբուրում ու գոռում էր մորմոքով: Երբ հանկարծ Հելենի ձեռքերը կախ ընկան, ու փայլող աչքերը սառեցին...
Լեկոն,Հելենի դին գրկած ու կրծքին սեղմած, դուրս եկավ ճամփեն: Լուսինը դուրս եկավ ամպերի փեշերից ու սովորականի պես շարունակեց լուսավորել անտառոտ լեռները: Գյուղում մարդկային գոռոց ու իրարանցում սկսվեց: Պառավները սկսեցին ողբալ, իսկ խլահավը նորից սկսեց իր միապաղաղ երգը: