Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման քայլերին. Իրանի ԱԳՆ


18:44 , 23 հուլիս, 2014

russian-news-497902_o1in.am-ը գրում է.

Իրանը մշտապես աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման քայլերին: Իրանական IRINN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:

«Կարծում եմ, որ Փարիզում հանդիպելու երկու երկրների համաձայնությունը, նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի քննարկումն ու խնդրի լուծումն այդ երկրների գործն է»,- ասել է նա՝ պատասխանելով Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման Ֆրանսիայի առաջարկի վերաբերյալ հարցին:

Աֆհամը նշել է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական անձինք ընդունել են այդ առաջարկը, ապա դա խնդրի լուծմանն ու հարևան երկրների միջև կապերի լավացման քայլ է: Իրանը խրախուսում է հարևան երկրների միջև ջերմ հարաբերությունների պահպանումը:

«Ուզում ենք, որ ջանքերն արդյունք տան և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն: Իրանն այդ ոլորտում բանակցում է երկու երկրների հետ»,- ասել է Աֆհամը: