13:15 , 17 օգոստոս, 201221-րդ դարում, երբ կյանքը հագեցած է կոմունիկացիայի ամենատարբեր միջոցներով, երբ հարկավոր է հեռախոսի վրա ընդամենը մի քանի թիվ հավաքել, և այն մարդը, ում մենք կարոտում ենք, մեզ հետ կլինի, երբ ինտեռնետը և օրեցօր ավելացող սոցիալական ցանցերը «սպանել են» հեռավորություն և տարածություն հասկացությունները, երբ թերթերը քամու արագությամբ մեզ են հասցնում ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, երբ ոչ մի վայրկյան չի լռում հեռուստացույցը, երբ փողոցները լի են մարդկանցով, երբ օտար լեզուներ սովորելը իրենից այլևս ոչ մի դժվարություն չի ներկայացնում, թվում է, թե ստեղծվածեն բոլոր պայմանները, որ մարդիկ համախմբվեն, ապրեն իրար հոգսերով, հոգ տանեն իրենց մերձավորների մասին, ուշադիր լինեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին, տեղեկացված լինեն, ակտիվ, ուշադիր...բայց արի ու տես, որ մարդկանց համակել է 21-րդ դարի ամենամեծ չարիքը` անտարբերություն, անպատասխանատվություն...Մեր օրերում մարդիկ դարձել են անտարբեր ու անպատասխանատու: Նրանք պատասխանատվություն չեն կրում ոչ միայն իրենց կյանքի համար, այլ նաև անտարբեր են կողքի մարդկանց հոգսի հանդեպ: Ամեն ինչի մեղավորը ուրիշներն են, մեղավոր են բոլորը, բացի իրենցից...Այս հիվանդության չափերը և ուժգնությունը այլևս չունեն սահմաններ: Մարդիկ փակվել են իրենց աշխարհներում ու չեն նկատում ոչինչ, կամ էլ եթե նկատում են, փորձում են իրենց չծանրաբեռնել «ավելորդ հոգսերով»: Ինչ-որ մեկի երեխան մահանում է, նրան կարող է փրկել մեր 1 գրամ արյունը, բայց դա մեզ չի հետաքրքրում, ինչների՞ս է պետք, կարևորը մեր երեխաները առողջ են, իսկ ուրիշները թող իրենք մտածեն...Բայց արի ու տես, որ մարդիկ լավ էլ գիտեն, ինչի հանդեպ ուշադիր լինել, ինչի վրա «թքած ունենալ»: Երբ խոսքը գնում է Քիմ Քարդաշյանի մարմնի բարեմասնությունների կամ էլ իրենց կուռք դարձած սերիալների հերոսների մասին, լավ էլ հետաքրքրասեր ենք դառնում, լավ էլ ուշադիր...Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ինձ համար անցավ բոլոր սահմանները...Էլ չեմ կասկածում, որ բոլորիդ հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը, որը իսկական պատուհաս է դարձել մեր գլխին: Էլ բողոքի ցույցեր անցկացրեցին սերիալի դեմ, էլ նախագահին նամակ գրեցին, էլ հասարակական կազմակերպություններն ու կանանց իրավունքների պաշտպանները ոտքի ելան, բայց անարդյունք, սերիալը շարունակում է ծաղկել ու զարգանալ, հերոսները ամուսնանալ ու բազմանալ...Երեկ սերիալում տեղի ունեցավ շատ անսպասելի մի բան, սայլը տեղից շարժվեց, վերջապես սցենարի մեջ շարժ նկատվեց :) Այդ չարագործ,անլվա Էլենը «սպանեց» Մերիին Բայց ի՞նչ իմանային սցենարիստները, որ այդ իրադարձությունը կխլի ազգիս կեսի քունն ու դադարը, մարդիկ կկորցնեն իրենց ու ֆեյսբուքում Մերիի հարությունը պահանջող խմբեր կբացեն...Բլոգ Նյուզում մի հումորային գրառում տեղադրեցի` «Աստվա՜ծ իմ, օ ո՜չ, Մերին մահացավ... ես այսուհետ ինչպե՞ս ապրեմ... թող երկինքը պատռվի ու ինձ կուլ տա... էդ սաղ դո՛ւք եք մեղավոր, էնքա՜ն կռացիք, միտինգ արիք, է՞դ էիք ուզում... օ՜, աստվածնե՜ր, իջե՛ք Օլիմպոսից, պատժե՛ք այս ճղճիմ մարդուկներին, ովքեր Մերիի մահն էին ուզում...