ԵՄ-ը պետք է ուժեղացնի Ռուսաստանի վրա ճնշումը. Գերմանիայի ԱԳ նախարար


22:00 , 21 հուլիս, 2014

10087532491in.am-ը գրում է.

ԵՄ ԱԳ նախարարները ստիպված կլինեն, Ուկրաինայում երկկողմանի զինադադարի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումները, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է RIA Novosti-ն:

«Մենք վաղը ոչ շատ թեթև նիստ կունենաք: Մենք ստիպված կլինենք ուժեղացնել ճնշումը, որպեսզի հասնենք այն արդյունքներին, որոնք եվրոպական նախարարները անհրաժեշտ են համարում»,- հայտարարել է Շտայնմայերը երկուշաբթի օրը Բեռլինում:

Շտայնմայերի խոսքերով՝ ճգնաժամի լուծման բանալին կարող է միայն երկարատև զինադադարը դառնալ: Անհրաժեշտ է ապահովել նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանի ապահովությունը, «որտեղով էլ, ակնհայտ է, որ արևելյան Ուկրաինա են շարունակում մտնել գրոհայիններ և զենք»:

«Այս ամենը մենք վաղը կքննարկենք եվրոպական ԱԳ նախարարների հետ»,- ասել է նախարարը:

Ներկա պահին նիդերլանդցի նրա գործընկերը գտնվում է Նյու Յորքում, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան որոշման մշակմանը: Ուկրաինայում ավիավթարի հետևանքով զոհվածների մեծ մասը Հոլանդիայի քաղաքացիներ են:

«Հնարավոր է՝ այնտեղ հիմա առաջընթաց գրանցվի: Ես սպասում եմ, որ Նյու Յորքում Ռուսաստանը քվեարկության ժամանակ կառուցողական դեր կունենա»,- հայտարարել է նախարարը: Նա հայտարարել է նաև, որ «անջատողականների արարքն ամբողջ աշխարհում արդար վրդովմունք է առաջացրել»:

«Այն, որ զոհերի դիակների հետ մարդավարի չեն վերաբերվում, այն, որ անջատողականները կործանումից չորս օր անց դեռ պատրաստ չեն հանձնել դիակները, և որ միջազգային փորձագետների հետաքննությանը խոչընդոտներ են ստեղծվում՝ ցույց է տալիս, թե ինչ մարդկանց հետ մենք գործ ունենք»,- համոզված է Գերմանիայի ԱԳ նախարարը: Նրա խոսքերով՝ դեռ նկատելի չէ, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում անջատողականների վրա: