Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները


19:39 , 21 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման եւ իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
  
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
 
«Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) եւ հետաքրքրված է գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում:
 
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: