18:12 , 16 օգոստոս, 2012
Նրանք հայտնվեցին երկսապատ սարի մերձակայքում փռված մի քաղաքում, որ տեղաբնիկների անունով Յահիա էր կոչվում:Փողոցներում անցուդարձ անող մռայլադեմ մարդիկ էին պատահում, ովքեր օրվա հաց ունենալ կամ երկրից փախչել էին տենչում: Մեկ-մեկ էլ պարարտ իշխանիկներ էին հանդիպում` սպառազեն դրանիկների հետ: Սրանք հասցնում էին յուրաքանչյուրի վզակոթին, ով անզգուշաբար հայտնվում էր իրենց ճանապարհին: Ընդարձակ մի հրապարակում, որի արևելյան եզրին առվույտ էր ցանած մի նախկին արձանի տեղում, Րան և Մեգիրան արհեստական լճակի բարձր պատին կանգնած մի տղամարդ տեսան: Փորձառու հռետորի նման ձեռքերը շարժելով` նա բարձրաձայն ինչ-որ բան էր կարդում, սակայն անցորդներից քչերն էին ուշք դարձնում նրան:- Ես նրան եմ որոնում,-ասաց Րան:Մոտ գնացին: Տղամարդը ինքնամոռաց կարդում էր`ՙԲաղրամյան պողոտա, պալատներ բազում, ազգային ջոջեր՞ դժգոհ բազմությունից... Բանգլադեշի շուկա, Ֆիրդուսու նրբանցք, քրջի բազար իշխանություններին հայհոյող բազմություն մեկ մեկու արժանի... Համազգային մահախոսականներ, ինքնահիասթափություն, փախուստ ժանտախտից, փրկության աղերս... ՈՒմի՞ց է պետք փրկել և ու՞մ: Եվ ի՞նչ է անելու Փրկիչը, եթե գա ու տեսնի, որ այստեղ բոզերը թասիբով են դատավորներից. եթե առաջինները երբեմն հույզերին տրվելով կարող են անփող գործարքել, ապա վերջինները երբեք, այստեղ ընդհանուր պատը քանդելով դղյակ են կառուցում իրենց նմանից պաշտպանվելու համար, որտեղ հետո թշնամին ոչխա°ր է պահելու, այստեղ բամփում են կռվում զոհվածի որդու գլխին, թե հե՞րդ հիմար էր, որ գնաց մեռավ, և այդ տղան կռվելու չի գնա այս հիմարների համար, այստեղ ճգնաժամից դուրս գալու ելքը գտել են իրենք բոլորով կգնան, իսկ ճգնաժամին կթողնեն այստեղ մեն-մենակ, այստեղ նոր մաթեմատիկա է գործում որքան շատ են հեռանում երկրից, բնակչության թիվն այնքան մեծ է ստացվում, որքան պակասում են գնորդները, այնքան շատանում են խանութները, որքան քչանում են հանցագործները, այնքան շատանում են ոստիկանները, որքան պակասում են հարկատուները, այնքան շատանում են հարկահավաքները, այստեղ կշռաքարերը սնամեջ են իրենց հոգիների նման,այստեղ մսին ջուր են սրսկում, երշիկին թուղթ խառնում, օղուն թույն, իրենց արտադրածն իրենք չեն ուտում ու դժգոհում են, թե ուրիշն ինչու չի ուտում, այստեղ քանի որ ուտելիք չեն արտադրում, իրար են ուտում, այստեղ բոլորը բարիք են ուզում, բայց չեն հասկանում, որ դրա համար հարկավոր է իջնել բարիք արարողի շալակից, այստեղ մեռելների վրա ավելի շատ փող են ծախսում, քան ողջերի, այստեղ իրենց դեբիլ երեխաներին ուսման են խցկում, խելոքները մնում են բորդյուրին, ու զարմանում են, թե երկիրն ինչու է Դեբիլստան դառնում, այստեղ, իրենց հեքիաթների նման, թիմով կռիվ չեն գնում, պարապ փնթփնթոցով սպասում են, թե երբ է մի անհամբեր տղա գնալու հրեշի դեմ, որ իրենք նայեն, թե հաղթեց հերոսացնեն, թե պարտվեց ասեն զադ չէր,այստեղ հերոսացածներին հայհոյում են, հայհոյվածներին` հերոսացնում, այստեղ մի կիլո բրնձով ծախվում են, ապա թքոտում, հայհոյում... մինչև հաջորդ բրնձաբաժանում, այստեղ պարծենում են, թե առաջինն են իջել ծառերից, մինչդեռ ոչ թե իջել, այլ ընկել են, քանի որ ազգովին կտրել էին բոլոր այն ճյուղերը, որոնց վրա նստած էին, այստեղ ծառերի վրա չեն մնացել այնքան, որ հասունանային քայլելու համար, ու հիմա անկարող են կանգնել սեփական ոտքերին, այստեղ գերադասում են պառկել ուրիշի տակ, քան սովորել քայլել ինքնուրույն, այստեղ յուրաքանչյուրը սրիկա է այնքան, որքան թույլ են տալիս իր հնարավորությունները, այստեղ փոքր սրիկաները ցերեկը հայհոյում են մեծ սրիկաներին, իսկ գիշերը չեն քնումª մտածելով ինչ կերպ ունենալ մեծ սրիկա դառնալու հնարավորություն, այստեղ մեծ սրիկաները նստեցնում են փոքր սրիկաներին, այստեղ ամենքը սրիկա են, բայց ունեն անհեթեթ մի երազանք, որ իրենց կառավարեն ազնիվները, այստեղ ամենքն ուզում են արդարադատություն լինի և այն բռնի հարևանի, դիմացինի, բայց ոչ երբեք իրենց ձեռքը, այստեղ չգիտեն, որ եթե մի տարածքում ՙազնիվ՚ և ՙհիմար՚ բառերը հոմանիշ են, ապա այդ տարածքում պետություն գոյություն ունենալ չի կարող, այստեղ պետությունն ավարտվում է տան շեմքին, որտեղից սկսվում է աղբանոցը, այստեղ երկու հազար տարում երկու բանաստեղծ են ունեցել, որոնցից մեկը մեռավ սովից, մյուսի գլուխն իրենք կերան, այստեղ տառաճանաչներ էլ կան, որոնք միայն սապոգավոր տեր ու չոբան յար գովերգել գիտեն և հիմա ձանձրույթից իրար դեմ են գրում, այստեղ ՙինտելիգենտը՚ հայհոյանք է, և մտածել կարողացողները դժբախտ են, այստեղ նաև սեքսով են զբաղվում ու երեխաներ ունենում, որոնք անիծում են իրենց ծնողներին` իրենց այս հողի վրա լույս աշխարհ բերելու համար, այստեղ բոլորը դալտոնիկ են, քանի որ կարմիր, դեղին ու կանաչ չեն զանազանում, այստեղ նախկինները հրճվում են ներկաների անհաջողությամբ, մոռանալով, որ երբ նավը խորտակվում է, բոլորն են սկում, այստեղ իրենց խորտակվող նավը փրկելու փոխարեն նավասենյակներն են թալանում, այստեղ չգիտեն, որ խլուրդները որքան էլ ավագանի ընտրեն իրենց միջից, ավագանին բոլոր դեպքերում խլու°րդ է լինելու, այստեղ սեփական առաջնորդի անհաջողությունն ավելի մեծ ցնծությամբ են ընդունում, քան թշնամու, այստեղ առաջնորդներ են զոհաբերվում բազմության արատներին, ինչպես հնում թագավորներ, և դա կշարունակվի այնքան, քանի դեռ չի եղել հակառակը, այստեղ տղամարդիկ հեռվից հոխորտում են թշնամու վրա, իսկ նրանց կանայք փողով բոզություն են անում այդ նույն թշնամու երկրում, որ պահեն այդ տղամարդկանց, այստեղ երազում են կորցրած հողերի մասին, որ այնտեղից էլ արտագաղթեն, այստեղ առաջինն են դավաճանել Աստծուն և որպես հավաստում այդ դավաճանության տաճար են կառուցել աղքատների հավաքատեղիում, այստեղ ազգային գաղափարախոսություն են որոնում, մինչդեռ այն ունեն, որը նրանց հոգում է, աչքերի մեջ ու ճակատին և ունի հինգ դրույթ. կեր քեզանից փոքրին և սողա մեծի դեմ, խաբիր ընդմիշտ, թալանի°ր ընդմիշտ, քո հայրենակիցը քո թշնամին է, քո պետությունը քո թշնամին է, այստեղ բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց, այստեղ ոչնչացնում են հանճարներին, քանի որ նրանք իրենց գոյությամբ ցուցանում են մնացյալի ոչնչությունը, այստեղ ամենքը նվնվում են, թե իրենց ինչու՞ են ասում` տղամարդ չկա, այստեղ հիվանդ են այնչափ, որ իրենց մասին այսպիսի ոչնչացնող խոսքեր լսելով կա¯յֆ են բռնում կախվելու փոխարեն, այստեղ ամենքը հայրենիքը փրկելուց են խոսում, և ճիշտ են անում, կասի անշուշտ Փրկիչը, հայրենիքը մեղք է հայրենիքը փրկել է պետք մարդու այս տեսակից՚: Ա.Պեպանյան, ,,Մեգիրա,, , Երևան, 2005թ.