Վերացող տեսակ Երևանում՝ «սպիտակ նիվիստները»


00:02 , 16 հուլիս, 2014

Մի տենց վերացող տեսակ կա Երևանում` ժամանակին շատ ուժեղ արտահայտված, դա «սպիտակ նիվիստներն էին»: Տասը կողքովդ անցնող սպիտակ նիվաներից 8-ն իրենց այնքան լկտի էին պահում, որ դա չնկատել ուղղակի չէր լինում: Սիգնալ, կտրուկ շրջադարձներ, Երևանի փոքր փողոցներում, մեքենայից դուրս շպրտվող ծխախոտի տուփ, շիշ: Այդ ամենը, բնականաբար, զուգորդված այնպիսի երաժշտությամբ, թե թվում էր, որ մեքենայի մեջ մի մեծ ռեստորան է գործում ու հենց նոր խորովածը բերին չորրորդ սեղանի մոտ: Այս երևույթը բերեց նույնիսկ նրան, որ այդ եզ մեքենան սկսեց հասնել տասնհինգ, քսան հազար դոլարի: Բայց հիմա մի նոր երևույթ է ի հայտ եկել: Այն բոլոր պորճերը, որոնց գումարը չի բավարարում սպիտակ Նիվա գնել ու իրենց լկտի պահել, սկսել են այդ նույնն անել շատ ավելի տուզիկ մեքենաներով ու հիմա Երևանի փողոցներում կարելի է տեսնել Վրաստանից բերած երեքից հինգհազարանոց ծռմռված ու հին օփելներ կամ ժիգուլիներ, որոնց պետահամարանիշներին նայելիս հաճախ հարց է ծագում, թե ինչն է ավելի թանկ՝ մեքենան, թե համարները: Իսկ մեքենայի ղեկին նստած, ըստ ամենայնի, որևէ ազնվական ցեղից ծագում ունեցող արքայազնների պատուհանից դուրս նետված ձեռքերը զարմացնում է իրենց երկարությամբ և քամու և արևի նկատմամբ դիմացկունությամբ: Եվ այսպես այս հերոսները գալիս են և սկզբից քեզանից ազդանշանով ու լույսերով ճանապարհ ուզում, հետո երբ արհամարհում ես, աջից աՎգոն են անում ու գալիս դեմդ կարմիր լույսի տակ կանգնում են: Իբր իրանք քեզ հաղթեցին: