Մարգարիտ Եսայանի հայտարարությունն առնվազն ոչ բարոյական է. Արեգ Գևորգյան


17:41 , 14 օգոստոս, 2012

 

«Առավոտ»–ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին, ասել է, թե իր կարծիքով Տիգրան Առաքելյանի հայտարարության հեղինակը ինքը՝ Տիգրանը չէ։

«Համոզված եմ, որ այդ հայտարարության իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի։ Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ կհասկանաք, թե ովքե՞ր են գրում, ովքե՞ր են քաղաքականացնում և շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ բաղաքական հարթակում։ Ա՛յ, իրենց պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»։
Այս մասին, Լուրեր.com–ը զրուցեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանի հետ։ Նա Եսայանի այս հայտարարությունը որակեց առնվազն ոչ բարոյական։ 
«Այն, որ ՀՀԿ–ն այսպիսի էժանագույն և ոչ բարոյական մեթոդներով փորձում է արդարացնել իր և իր պարագլխի հովանու ներքո գործող դատարանի՝ քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությամբ հրապարակված դատավճիռը ևս մեկ ապացույց է այն բանի, որ տվյալ պատգամավորի և տվյալ կուսակցության գործունեությունը ամբողջովին հակաժողովրդական է։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա առնվազն ոչ բարոյական հայտարարություն է»,– ասաց ՀԱԿ ակտիվիստը։

Գայանե Համբարձումյան