Բրազիլիայում ավարտված աշխարհի գավաթը, որը նվաճեց Գերմանիան, նաեւ սոցիալական մեդիայի ազդեցիկության ոչ պաշտոնական առաջնություն էր: Եւ այդ ոչ պաշտոնական խաղարկության գավաթակիրը Twitter-ն է:
Աշխարհի գավաթին Twitter-ում հիմնավոր էին պատրաստվել: #WorldCup #WorldCup2014 հեշթեգերը ֆուտբոլասերներին օգնում էին հետեւել «Մունդիալ 2014»-ի մասին գլոբալ խոսակցությանը: Յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպում ուներ իր պաշտոնական հեշթեգը: Օրինակ եզրափակիչ խաղինն էր #GERvsARG կամ #GERARG: Դրանց միջոցով ֆուտբոլասերները կարծիքներ էին փոխանակում, լուսանկարներ ու տեսանյութեր տարածում, հետեւում էին հայտնի քաղաքական գործիչների, դերասանների ու երգիչների, ֆուտբոլային աստղերի գրառումներին:
Միայն գավաթի եզրափակիչ հանդիպման թեմայով Twitter-ում 32.1 միլիոն գրառում է կատարվել: Մարիո Գյոթցեի գոլի ժամանակ օգտատերերը մեկ րոպեում 556.499 թվիթերյան գրառում են կատարել, Գերմանյաի հաղթանակի րոպեին՝ 618.725 գրառում:
2014-ի աշխարհի գավաթի հայտնություններից մեկն էլ ամենաերիտասարդ սոցիալական ցանցերից մեկը՝ Vine-ն էր: Այս ծառայությունը, որն ինտեգրված է Twitter-ին, թույլ է տալիս մինչեւ 6 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր նկարահանել եւ տարածել: