Խեղճ գյուղաբնակներ, բանուգործ թողած, ճանապարհ եք փակում, որ ի՞նչ անեք


14:19 , 11 հուլիս, 2014

Համաչափ զարգանալու փոխարեն անկանոն հետընթաց ենք ապրում:
Ասում են՝ Խորհրդային Հայաստանն ունեցել է ղեկավարներ, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են լինել մեր փոքր երկրի բառացիորեն բոլոր բնակավայրերում ու հինգ մատի պես ճանաչել են յուրաքանչյուր քար ու թուփ: 
Ասում են նաև, որ այդ ղեկավարներին ժողովուրդը մշտապես դիմավորել է աղ ու հացով, երգ ու պարով՝ օրհնելով նրանց ու նրանց զավակներին:
Հիմա այլ կերպ է. համաչափ զարգացման ուղին բռնած երկրիս մեծամեծներն իրենց ներերկրյա տուրնեներն անց են կացնում կրկնվող ուղղություններով, այցելում են սահմանափակ բնակավայրեր, իսկ այդ ճանապարհին ի՜նչ տեսակի ընդունելության ասես՝ չեն արժանանում:
Նույն մարզի բնակավայրերից մեկում տարիներ սպասված ջրագծի բացման արարողությունը նշում են գյուղի բնակչության հետ գառան միս համտեսելով ու պարելով՝ չկռահելով անգամ, որ րոպեներ անց կերած-խմածները քթներից է գալու, քանի որ հարևան գյուղի ազգաբնակչությունը բարիկադներ է կառուցելու գյուղ մտնող ճանապարհի սկզբնամասում ու իրենց դիմավորելու է որպես «պերսոնա նոն գրատաների»:
Խեղճ գյուղաբնակներ, ամառվա այս գերհագեցած աշխատանքային սեզոնին բանուգործ թողած ճանապարհ եք փակում, որ ի՞նչ անեք: Ձեր գործին մնացեք, թողեք մարդիկ ազատ անցուդարձ անեն, միգուցե տարիներ անց բարեհաճեն ձեր կողմերն էլ երևալ, վատ կլինի՞: 
Այլապես, հայրենի կառավարության մոտ վաղուց արդեն տպավորություն է ստեղծվել, որ Հայաստան ասվածը միայն Երևանն է՝ իր մոտակա մի քանի ժամանցային կամ բիզնես բնակավայրերով: Իսկ հեռավոր մարզերում ու սահմանամերձ գյուղերում հազարից մեկ երևալը ոչ միայն պետք է ազգաբնակչության մոտ դժգոհություն առաջացնի, այլ տոն ու ուրախություն դառնա նրանց համար:
Ժողովրդական եղե՛ք, հարգելի՛ իշխանավորներ: Քար ու հողից հաց քամող գյուղացուն գեղցիների տեղ մի դրեք: Օրեցօր մոտենում է այն պահը, երբ լցվելու է նրանց համբերության բաժակը նույնպես, ու նրանք էլ են ընդվզելու: Իսկ գյուղացին թուղթ ու գրիչով չի ընդվզում: Գյուղացին բահով ու եղանով է ընդվզում: