Բեռլինը որպես աշխարհի մայրաքաղաք


18:23 , 13 օգոստոս, 2012

Վեց ամիսն ինձ հերիք էր հասկանալու համար, որ աշխարհի կենտրոնում եմ ապրում կամ աշխարհի կենտրոնից գնացքով ընդամենը կես ժամ հեռավորության վրա: 

Էստեղ են բոլոր մեծ աստղերը համերգներ տալիս: Էստեղ են տեղի ունենում զանազան երաժշտական, կինո ու գրական փառատոններ: Էստեղ անգամ ապրում են բազմաթիվ հայտնի դեմքեր: Ու էստեղ ապրում են նաև բոմժեր, հարբեցողներ, հիփսթերներ, լուզերներ ու գժեր:

Վեց ամիսն ինձ հերիք էր հասկանալու համար, որ ես չեմ ուզում աշխարհի կենտրոնում ապրել:

Ես ուզում եմ մտնել փոքր գրախանութ ու չգտնել ուզածս գիրքը՝ փորձելով հաջորդ անգամ կամ փնտրելով գրադարանում, ոչ թե հայտնվել հինգ հարկանի Դուսմանում, որտեղ աշխարհի բոլոր գրքերը կան:

Ուզում եմ օրը ցերեկով քայլել Երևանի արևի տակ, ու մարդիկ ինձ գժի տեղ դնեն, երբ ասեմ՝ սիրում եմ շոգը, ոչ թե օգոստոս օրով կծկվեմ ժակետիս մեջ՝ մտածելով, որ էլի թեթև եմ հագնվել:

Ուզում եմ միայնակ երեկոներս կինոթատրոնում անցկացնել, ոչ թե խուսափել կինոթատրոն գնալուց, որովհետև բոլոր ֆիլմերը գերմաներեն են, իսկ գնալիս էլ լիքը գլխացավանքների մեջ ընկնել, դիտելու համար էլ ընտրել մուլտֆիլմ, որ հեշտ հասկանաս:

Ուզում եմ փողոցով քայլելիս ժպտալ կամ ծանոթ մարդկանց հանդիպել, ոչ թե մոմանման դեմքերի, որոնք վրայովդ էլ կքայլեն, եթե մի կողմ չքաշվես:

Ուզում եմ անքնություն ունենալ, ոչ թե ժամը տասին քնել, տասին արթնանալ:

Ձեզ պահեք ձեր աշխարհի կենտրոնը, ես իմ հյուսիսային փոքրիկ քաղաքն եմ ուզում: