14:31 , 10 հուլիս, 2014Մա՛մ, պետք է ծովի մոտ ապրել, պետք է անել այն ամենը, ինչ քեզ դուր է գալիս և ոչինչ չբարդացնել: Դա միայն ընտրության հարց է, մա՛մ: Ամիսներ շարունակ տանջվե՞լ այն բաների համար, որոնք չես արել, այն հնարավորությունների համար, որոնք բաց ես թողել, թե՞ որոշել, որ մնացած կյանքը բավական է ամեն ինչ հասցնելու համար, և գործի անցնել: Շարունակ մեղադրե՞լ մտերիմներիդ, թե սկսել գովել նրանց անգամ փոքրիկ նվաճումների ու հաղթանակների համար: Եթե դու սիրում ես նրանց, ի՞նչ իմաստ ունի փչացնել թե՛ քո, թե՛ նրանց կյանքը:
Ասե՞լ՝ դե իհարկե, դու ինձ կլքես, և լքելուց հետո հայտարարել. «Ես այդպես էլ գիտեի», թե առհասարակ չմտածել դրա մասին, ուրախանալ համատեղ կյանքով և սիրելի մարդուն չանհանգստացնել ապագայի կանխատեսումներով: Միշտ ասե՞լ՝ ես չեմ կարողանա, անգամ սկսել չարժե, թե մի անգամ թքել ամեն ինչի վրա և փորձել: Եվ անգամ եթե չստացվի էլ, կարելի է մի նոր եղանակ մտածել ու նորից փորձել:

Միշտ ճի՞շտ լինել և բոլորին հասկացնել, թե շեֆն ով է, և արդյունքում միայնակ մնա՞լ, թե մի անգամ գալ ու առաջինը հաշտության քայլ անել, ասել. «Ես պատրաստ եմ լսել քեզ, բացատրի՛ր, թե ինչ է կատարվում»: Չէ՞ որ դու, միևնույնն է, օրեր շարունակ մտածում ես այդ մասին: Լինել խրո՞խտ, թե օգնություն խնդրել հարկ եղած դեպքում:
Տարիներ շարունակ ատե՞լ նրա համար, որ քեզ հետ անազնիվ են վարվել, թե զանգել ու հանգիստ հարցնել. «Լսիր, չեմ հասկանում, թե ինչո՞ւ»: Տառապե՞լ կորսված սիրո պատճառով, թե նորից վստահել մարդկանց, հարաբերություններ հաստատել նրանց հետ ու երջանիկ լինել: Կարծում եմ, որ երկրորդ տարբերակը շատ ավելի համարձակ քայլ է:
Տառապե՞լ ու կարծել, թե կյանքը փուչ է, շարունակ մատը ցավոտ տեղի՞ն դնել ու մտածել, թե որքան անհույս վիճակում ես հայտնվել, թե սկսել ապրել լիարժեք կյանքով: Աստված իմ, այս ամենն այնքան հեշտ է, մա՛մ: Աշխարհում ամեն բան ընտրության հարց է: Անհաս բարձունքներ չկան: Դու ինքդ ես ընտրում խղճուկ լինել, թե երջանիկ: Ոչ ոք քո փոխարեն ոչինչ չի որոշել, ոչ ոք քո փոխարեն ունակ չէ որևէ բան որոշել, եթե դու դեմ ես այդ որոշմանը: Պետք է պարզապես որոշում կայացնել և հավատարիմ մնալ ընդունածդ որոշմանը: Մա՛մ, դու ինքդ էլ կզարմանաս, թե ամեն ինչ ինչպես կվերափոխվի:
Հեղինակ՝ Վերա Պոլոզկովա