10:07 , 10 հուլիս, 2014
Lragir.am-ը գրում է.
Սիրիահայ գործարար Սարգիս Սարգիսյանը Հայաստանի կառավարությանն առաջարկում է չօգտագործվող արտադրական տարածքներն առանց վարձավճարի մի քանի տարով հատկացնել Հայաստան եկած սիրիահայ գործարարներին: Նրա խոսքով, եթե կառավարությունը նման օգնության ձեռք մեկնի սիրիահայերին և այլ աջակցություններ տրամադրի, սիրիահայերը կզարգացնեն Հայաստանի տնտեսությունը:
«Շատ ֆաբրիկաներ կան, որ փակ են, թող մի քանի տարի առանց վարձի դրանք սիրիահայերուն տրամադրեն, դա շատ լավ կըլլա: Ասեն՝ երեք տարի կըրնաս մնալ առանց վարձի, հետո ամեն մեկն իրա գործին կնայե: Մեծ տարածքներ կան, որ փակ են, տերերը ով են, ինչ են, հայտնի չէ: Եղած-չեղածը քիչ սիրաիահայեր են, որ գործ կանեն էստեղ, հազար հոգի չեն հո»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սարգիսյանը:
Նա մոտ 1.5 տարի է Հայաստանում կահույքի արտադրության բիզնես է հիմնել: Մասնակցել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի դասընթացներին, վարկ է ստացել ու սկսել է բիզնես գործունեությունը: Թեև այստեղի բիզնեսի եկամտաբերությունը չի համեմատում Հալեպում ունեցած բիզնեսի հետ, սակայն ասում է, որ դժգոհ չէ, կարողանում է եկամուտ ստանալ ու հոգալ անհրաժեշտ ծախսերը: «Նորմալ կաշխատինք: Մեզի համար քիչ մը վարձերն են պրոբլեմ: Տունը վարձով է, ցեխը վարձով, վարկ ունենք, դժվարություն կքաշինք: Բայց, չնայած դրան, կաշխատինք»,- ասաց նա:
Սարգիս Սարգիսյանը տեղյակ է, որ Հայաստանում գործարար սիրիահայերը մեծամասամբ խնդիրների առաջ են կանգնում: Ունի դրա բացատրությունը: «Էստեղ ժողովուրդը քիչ է: Սիրիա ժողովուրդ շատ կար, կողքը Լիբանանը կար, Բաղդադը կար, Հորդանանը կար, ամեն տեղ ապրանք կերթար: Էստեղ 2 մլն ժողովուրդը ի՞նչ պետք է անի, աղքատ երկիր է, ծով չունի»,- նշեց սիրիահայ գործարարը:
Նա նկատել է, որ որոշ ոլորտներում Հայաստանում դժվար է գործարարությամբ զբաղվելը: «Բայց կան ոլորտներ, որ դյուրին կքայլինք, սկիզբը շատ հոգնանք, բայց հիմա տեղավորվանք գրեթե, լավ է»:
Հալեպահայ գործարարն ասում է, որ սիրիահայերի մեծամասնությունը գերադասում են Եվրոպա մեկնել, որովհետև այնտեղ ամսական դրամական օգնություն է ցուցաբերվում նրանց: «Հոս 7-8 հազար հայ մըն է, որ եկել է, դժվարություններ կտանին: Եթե մարդիկ նորմալ վիճակին գային էստեղ, շատ ավելի հաջողությունների կհասնեին: Օրինակ՝ եթե տուն ծախեինք, խանութներ ծախեինք ու գայինք էստեղ, շատ ավելի լավ կըլլար: Կառավարությունը եթե քիչ մը տուներ ապահովեր մեզի, լավ կըլլար, մանավանդ սկիզբը եկողի համար շատ դժվար է»,- նշեց նա:
Սարգիս Սարգիսյանը Հայաստանում գտնվող իր շրջապատի սիրիահայերից տարբեր դժգոհություններ է լսում: Գրեթե բոլոր դժվարություններն, ըստ նրա, թանկություններին են վերաբերում: «Երբ որ գործդ լավ չէ, շահույթ չունիս, դժգոհություն պիտի ունենաս, դրամ չկա, հոս սղություն է: Ամեն ինչ սուղ է հոս՝ տունի վարձ, ամեն ինչ»:
Նա նշում է, որ առանց այն էլ սիրիահայերը մեծ դժվարություններ տեսած են գալիս Հայաստան՝ առանց գումարի, սեփական ունեցվածքից զրկված: «Բայց հոս գործ գտնելը դժվար է, հայաստանցին չի կըրնա գործ գտնել, 80 հազարով, 100 հազարով ամսական կաշխատին: Այս 100 հազարով տունի վարձ կտան»,- նշեց սիրիահայ գործարարը:
Սարգիս Սարգիսյանը դժգոհ է Հայաստանում սիրիահայերին հատկացվող օգնության մեխանիզմից: Նա նշեց, որ վերջերս սիրիահայերին 130 հազար դրամ արժողությամբ քարտեր են տրամադրել, որոնցով, սակայն, իրենք կարող են գնումներ կատարել հագուստի համեմատաբար թանկարժեք խանութներից միայն: