Ուրվականը


00:20 , 12 օգոստոս, 2012

Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864 - 1904, ապրիլի 13) — հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Ծնվել է Սասունի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1891-94-ին` Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893)։ 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում`Անդրանիկ Օզանյանը և Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան։ 1896-ին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարնի բանտ. ազատվել է ընդհանուր ներմամաբ։ Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1903-04-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904-ի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։