14:00 , 8 հուլիս, 20141. Պրահա, Չեխիայի Հանրապետություն

Այս սքանչելի քաղաքում գարեջուրը հորդում է գետի պես: Հյուրընկալ մարդիկ, գեղեցիկ փողոցներ և հոյակերտ շինություններ... Մի խոսքով, այստեղ վառ տպավորությունների պակաս չի զգացվի: Կոմունիզմի փլուզումից հետո Պրահան վերականգնեց զբոսաշրջային կենտրոնի վարկանիշը և այդ ժամանակից ի վեր այլևս երբեք դուրս չի մնացել հրաշալի զբոսաշրջային կենտրոնների ցանկից: Արվեստի տարբեր ճյուղերը ծաղկում են Պրահայում: Արվեստի սքանչելի ստեղծագործություններով կարելի է հիանալ թե՛ փողոցներում, թե՛ թանգարաններում: Հատկապես աչքի է ընկնում պոստմոդեռնիստական գլուխգործոց «Պարող տունը»: Այս շենքի նախագծի մի մասի հեղինակը Ֆրենկ Գերին է: Այն Չեխիայի Հանրապետությանը իբրև պարգև ընծայվել է Ամերիկայի կողմից:
2. Նյու Յորք, ԱՄՆ

Որքան էլ որ շատ մարդիկ խոսեն այս քաղաքի մասին, մինչև աչքովդ չտեսնես, չես կարող պատկերացնել դրա ողջ գեղեցկությունն ու հմայքը: Նյու Յորքը լավագույն վայրն է թանգարաններ այցելելու, երեկոյան խնջույքների ու զվարճանքների մասնակցելու համար: Այստեղի տեսարժան վայրերից են Միդթաունը, Կենտրոնական զբոսայգին և այլն:
3. Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա

Քեյփթաունում է գտնվում Աֆրիկայի ամենատեսարժան ափեզրերից մեկը: Քեյփթաունի մարզ Բո-Քաափում կարելի է տեսնել մի շարք գունագեղ բունգալոներ: Քեյփթաունը Հարավային Աֆրիկայի կառավարության նստավայրն է: Այստեղ կան մի շարք կարևոր շինություններ, որոնք անպայման պետք է տեսնել սեփական աչքերով: Դրանցից մեկը մի հնամենի ամրոց է, որը տեղացիների շրջանում հայտնի է «The Castle» (թարգմանաբար՝ ամրոցը) անվանմամբ:
4. Բուենոս Այրես, Արգենտինա

Բուենոս Այրեսը Հարավային Ամերիկայի ամենակոսմոպոլիտ քաղաքներից մեկն է: Քաղաքը հայտնի է տանգոյի երեկոներով: Եթե Ձեզ բախտ վիճակվի այցելել Բուենոս Այրես, անպայման այցելեք Կամինիտո փողոցային շուկան, որտեղ կարող եք արվեստի գործեր գնել:
5. Շանհայ, Չինաստան

Ի տարբերություն Չինաստանի մյուս հայտնի քաղաքի՝ Պեկինի՝ Շանհայը աչքի չի ընկնում կայսերական շքեղությամբ, սակայն փոխարենը այն աչքի է ընկնում քաղաքային կյանքի աշխուժությամբ ու եռուզեռով, որը Չինաստանի ոչ մի այլ քաղաքում այդքան վառ արտահայտված չէ: Շանհայում են գտնվում Չինաստանի լավագույն թանգարանները, բազում փառահեղ երկնաքերեր և տեսարժան վայրեր: Չինաստանում ճանապարհորդելիս անպայման պետք է այցելել Շանհայ:
6. Հռոմ, Իտալիա

Պատմության ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Հռոմը, աշխարհի ամենահիասքանչ վայրերից է: Հռոմի ողջ փառահեղությունն էլ ավելի է ընդգծվել տարիների ընթացքում, և նրա փայլը բնավ չի խամրել: Գլադիատորների պես զբոսնեք Կոլիզեյով, ճաշակեք աշխարհի ամենահամեղ կերակուրները, այցելեք Հռոմից ոչ այնքան հեռու գտնվող Վատիկան, և ճանապարհորդական վառ տպավորությունների պակաս չեք զգա:
7. Թել Ավիվ, Իսրայել

Թել Ավիվն Իսրայելի ամենապայծառ քաղաքներից մեկն է, որտեղ ուրախ խնջույքներն ու տոնակատարությունները աշխուժություն են մտցնում քաղաքային անցուդարձի մեջ: Թել Ավիվում կարելի է հիանալ գեղեցիկ ծառուղիներով ու լավ ժամանակ անցկացնել քաղաքի սրճարաններում և ժամանցի այլ վայրերում: