Հայաստանում «Երկիրը երկիր չի» արտահայտության ֆան ակումբ կա


00:05 , 8 հուլիս, 2014

Հայաստանում «Երկիրը երկիր չի» արտահայտության ֆան ակումբ կա, որի անդամները պատճառ են ման գալիս սույն արտահայտությունն անելու համար:
Ու իրենց մեծ մասը, երկրի համար մատը մատին տված չկա, բայց իրանց թվում ա, որ եթե դեռ մնացել են, ապրում են էս երկրում, ուրեմն դրանով երկրին եսիմինչ օգուտ են տալիս:

Ասենք «մարդիկ» կան, որ աղբը որտեղ պատահի, հաճախ աղբամանից ընդամենը մի քանի սանտիմետր էն կողմ, գցում են ու բողոքում, որ քաղաքն աղբանոց ա ու բոլորն էլ խոզ են, ու չեն էլ ջոկում, որ իրենց խոզի հետ էլ անգամ չեմ համեմատի, այդ կենդանուն չվիրավորելու համար:
Այ էտ նույն սկզբունքով «երկիրը երկիր չի» արտահայտության ֆանատներն առիթը բաց չեն թողնում երկրի վրա ցեխ շպրտելու, ու հեչ կապ չունի, որ իրենց բողոքի հետ երկիրը հեչ կապ չունի:

Ասենք տաքսու վարորդի սանրվածքն իրենց սրտով չի, ուրեմն երկիրը երկիր չի, ոնց որ թե երկիրը երկիր ա երկրներում բոլոր տաքսիստները ամեն ուղևոր նստելուց առաջ իր սրտով սանրվածքով կեղծամ են դնում, կամ, ասենք, իրենց բարեկամի տանը գողություն ա եղել, ուրեմն էլի երկիրը երկիր չի, ոնց որ թե երկիրը երկիր ա երկրներում գողություն չի լինում...

Բայց ամենավատն էն ա, որ էս մարդիկ չեն էլ գիտակցում, որ երկիրը երկիր լինելը կախված ա յուրաքանչյուրիցս, ու այդ թվում նաև իրենցից, ու քանի ամեն մեկս փորձում ա ցանկացած հարց օրենքի խախտումով լուծել, քանի փողոցը չթույլատրված մասում անցնելն ինքնահաստատման միջոց ա, քանի ամեն մեկն իր թրի կտրածի չափով երկիրը վարի ա տալիս, լինի դա մայթի հաշվին սեփական տունն առաջ տալով, թե շենքի սեյսմակայունությունը թուլացնելու հաշվին բնակարանում որևէ փոփոխություն կատարելը, թե պատմամշակույթային արժեք ներկայացնող շենքը քանդելը, մենք երկրից բողոքելու իրավունք չունենք, մի բան էլ երկիրը կարա բողոքի մեզնից, որ բնակիչները քաղաքացի չեն...

էսքան բան