Մեր մեծագույն խնդիրը այլընտրանքի բացակայությունն է


16:17 , 11 օգոստոս, 2012

Շուտով կմեկնարկի նախագահական ընտրությունների քարոզարշավը ու հասարակական եռուզեռը էլի կվերածվի մի դժոխային քաոսի, որի ընթացքում բոլորը բոլորի վրա տոննաներով ցեխ կսկսեն նետել, ոմանք կսկսեն քծնվել, մյուսները կսկսեն դավաճանել ու ճամբարներ փոխել։ Հետո ընտրությունները կավարտվեն, ինչին կհաջորդեն վայնասուններն ու պոպուլիստական հայտարարությունները, էլի կսկսեն խոսակցությունները ձայնավաճառության ու կեղծիքների մասին։

Մի խոսքով, ամեն ինչ կընթանա ստանդարտ սցենարով ու մենք ազգովի էլի չենք կարողանա սևեռել մեր ուշադրությունը այն պարզ հանգամանքի վրա, որ մեր մեծագույն խնդիրը ոչ ընտրություններն են, ոչ ընտրակեղծիքները, ոչ ընտրակաշառքները, ոչ էլ անգամ վատ իշխանություններն են, այլ ցանկացած լավ կամ գոնե իրական այլընտրանքի բացակայությունն է։

Թող ինձ ներեն բոլոր այն կուսակցությունների համակիրները, ովքեր այսօր իրենց որպես ընդդիմություն են դիրքորոշում, բայց իրականում մենք չունենք ո´չ դիմություն, ո´չ էլ առավել ևս ընդդիմություն։ Փոխարենը, մենք ունենք փտած ու սխալ աշխատաող պետական համակարգ, որը ոչ միայն ի վիճակի չէ ծնելու առողջ այլընտրանք, այլ մի բան էլ կճզմի ու կոչնչացնի ցանկացած ռեալ այլնտրանքի ծիլն անգամ, եթե հանկարծ ու հանկարծ նման ինչ որ տենեդենց լինի։

Մյուս կողմից, թե´ դիմությունը, թե´ ընդդիմությունը ասես ամեն ինչ անում են, որպեսզի սերնդափոխության փոխարեն տեղի ունենա պարզ մուլտպլիկացիա, եթե ուզում եք միտոզ կամ կլոավորում և անգամ իրենց երիտասարդ շերտարին ատիճանաբար կամ էլ միանգամից սարքում են իրենց՝ երիտասարդ կրկնօրինակը։ Արդյունքում, մենք Հայաստանում արդեն 20 տարի է «ըմբոշխնում ենք» պարբերաբար ռակիռովկա կամ ֆուկ լինող նույն դեմքերի ելևեջներին, մանր մունր մանկլավիկների հաճախ փոփոխվող բայց մշտնջենական մոխրագույն ամբոխների առկայությունը և օրստօրե մեծացող հիասթափությունն ու ֆրուստրացիան։

Գուցե ես սխալվում եմ, գուցե չափից ավել եմ մռայլեցնում գույները, բայց ես իրոք չեմ տեսնում գոնե մեկ անհատի, մեկ քաղաքական ուժի մեր քաղաքական-հասրակական դաշտում, որին ես իմ քվեն կտայի նրա համար, որովհետև նրա հետ լավ հույսեր ու ակնկալիքներ եմ կապում, այլ ոչ թե այն պարզ մոտիվացիայով, որ մենակ թե ավելի վատ չլինի, էլի գոհ ենք։ Այո´, մենք վաղուց արդեն ստիպված ենք ընտրություն կատարել «չարյաց փոքրագույն» ֆորմատով, սակայն ոչ բոլորս ենք դա գիտակցում ու խիզախում ինքներս մեզ դա խոստովանել։