Բեռը


23:03 , 10 օգոստոս, 2012

Ես արդեն շատ եմ ծեր ապրելու համար: Մահը մոռացել է ինձ: Ասենք ես նրա ինչի՞ն եմ պետք`առանց այն էլ նրանն եմ ու նրանը: Երանի՜ նրանց, ովքեր սարսափում են մահից, որովհետև ապրելու անհուն ցանկություն կարող է ունենալ միայն երջանիկ մարդը, նա ով կորցնելու բան ունի`սեր, ընտանիք, կարիերա: Մահվան ու կյանքի պայքարն ամեն օր է ու ամունուր, ու մահը կարող է հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ կարծեցյալ կյանքը շարունակվում է: Իսկ եթե մի օր արթնանում ես ու հասկանում, որ կորցրել ես զգայարաններ ունենալու իմաստը, որ հավասարապես թքած ունես գեղեցիկի ու տգեղի, բարու ու չարի, մեղրի ու լեղու վրա, հաստատ իմացիր`կյանքը քեզ տանուլ է տվել ու հանձնել մահին: Բայց ի դժբախտություն քեզ, քանի դեռ շնչում ես ուրեմն “ապրում ես”, քեզնից կյանքի հոտ է գալիս, ու մահը ամեն ինչ անում է այդ հոտից ազատվելու համար: Եթե դա նրան հաջողվում է, դու գնում ես լրացնելու նրա պահածոյացված սննդի պաշարը: Քո մասին նա գուցե հիշի ձմռանը, երբ ուտելիքը պակասի:Աստված տա, որ գոնե շուտ հիշի ու ստիպված չլինես նրա նկուղի պահարանում երկար սպասելու:
Քըստ, քըստ քըստ…Ոտքերիս քստքստոցը լցրել է արթնացող քաղաքը: Հիշողությունները թակում են մանկությանս դուռը:
-Տատ, ա՜յ տատ, ինչու՞ ես քայլելիս քստքստացնում:
-Որովհետև աշհարհի բեռն ուսերիս է, ու այդ ծանրությունից ոտքերս ծալվում են ձագս:
Ես կասկածանքով նայում եմ տատիս ուսերին :
-Է՜, տատ, ինչի՞ ես խաբում, ուսերդ ազատ են ու ոչ մի բան էլ չկա:
-Այդ բեռը անտեսանալի է, այն չի երևում:
Ես մտքումս ի մի եմ բերում նրա պատմած բոլոր հեքիաթներն ու զրույցները ու վերջապես գլխի ընկնում.
-Տատ, էդ քո բեռի գլխին անտեսանելի գլխարկ կա՞:
Տատիս կնճռապատ դեմքը մի պահ լուսավորվում է.
-Հա, ձագս:
Ես իմ հայտնագործությունից գոհ շարունակում եմ .
-Դու էլ ցած գցիր թող գնա կորչի, կամ էլ արի ես քեզ օգնեմ, մի մասը ինձ տուր:
Լսում եմ տատիս դառը հոգոցը.
-Ցած գցել չեմ կարող, մատաղ լինեմ քեզ, հողը սրա ծանրությանը չի դիմանա, այս բեռն իմն է, ու քանի ես կամ, այն իմ ուսերին կմնա,-հետո մի երկար ու տխուր հայացք գցելով վրաս ավելացնում է,-Իսկ դու շատ մի շտապիր, ժամանակը գա դու էլ քոնը կունենաս, միայն Աստված տա այնքան էլ ծանր չլինի, որ քայլելիս չքստքստացնես:
Խեղճ տատիկ ի՜նչ իմանային, որ թոռիդ քստքստոցը աշխարհ է բռնելու:
Ամեն ինչ սկսվեց ինստիտուտում:Ես սիրահարվեցի միանգամից ու անվերադարձ: Ասում են, երբ Աստված ուզում է պատժել,առաջին հերթին փակում է աչքերը:Ես երկար եմ մտածել դրա մասին ու այդպես էլ չեմ հասկացել, թե ո՞ր մեղքիս համար պատժվեցի` սատանայի աչքերով այդ սերը նվեր ստանալով: Միայն գիտեմ, որ ներս սողոսկելով այն դարձավ կենսական կարևոր բոլոր ռեակցիաների պարտադիր մասնակից` ինձ դարձնելով իր հլու ստրուկը:Սերը սուրբ է, մաքուր ու բյուրեղյա, բայց միայն այն դեպքում, երբ փոխադարձ է : Չէ՛, այն իր մաքրությամբ կարող է փայլել նաև, երբ փոխադարձ չէ, որովհետև ազնիվ է ու հասկանալի. դու սիրում ես, քեզ չեն սերում, ուրեմն կա՛մ հաշտվիր, կա՛մ այնքան հղկվիր որ սիրելիիդ աչքը կեղծ քարերի սուտ փայլի միջից նկատի ադամանդ դարձած քո զգացմունքը:
Իմ սերը թվացյալ փոխադարձերից էր, ու ստի գետից սկիզբ առած նրա սնուցման աղբյուրը բթացրել էր բոլոր զգայարաններս: Ես սիրում էի ու ինձ թվում էր, որ սիրված եմ: Այս աշխարհում այդպիսի զույգեր շատ կան, նույնիսկ ամուսնացած: Մեկը սիրում է, մյուսին թվում է թե սիրված է:Երեխաներ են ունենում ու այդպես էլ ծերանում են` կեղծ սիրո շղարշով փաթաթված: Երանի՜ իմն էլ այդպիսին լիներ: Գոնե բեռս թեթև կլիներ…
Մի օր ստի շղարշը հետ քաշվեց, ու մորթազերծ սերս արյունլվա փռվեց` ի տես բոլորին: Նա ամուսնացած էր , ես էլ նրա “պարապ վախտի” խաղալիքը:
Այդ օրը ես հասկացա տատիս պատմած հեքիաթի իրական իմաստը:
“Աշխարհի ամենածայրում մի մեծ լիճ կա, լճի կենտրոնում մի փոքրիկ կղզի:Այդ կղզում մի դարավոր, հսկա ծառ է աճում, իսկ նրա փչակում մի թռչուն է բույն դրել:
-Ի՞նչ թռչուն է ,տատ, նկարը ցույց կտա՞ս_փոքրիկ աղջկա աչքերը հետաքրքրությունից փայլում են:
-Չգիտեմ, ձագս ,մարդկությանն անհայտ մի թռչուն է :
-Իսկ անունն ի՞նչ է:
-Անունը՞…հըմ… անունը Թռչուն է:
-Տատ , այդպես չի՛ կարելի, բա առանց անուն ոնց կլինի՞: Կարո՞ղ է Հազարան Բլբուլն է :
-ՉԷ , բալես, էդ թռչունի անունը հենց Թռչուն է:
-Լավ, հետո՞:
-Հետո այն, որ նա ամբողջ տարին երգում է `լավը վատին, վատը լավին…Բայց տարվա մեջ մի անգամ երգի բառերը փոխում է ու ամբողջ ուժով դայլայլում`լավը լավին, վատը վատին: Այդ օրը բոլորին հնարավորություն է տրվում գտնել իրենց իրական ու արժանի կեսին:
-Հետո՞, տատ,-աղջիկն անհանգիստ շարժվում է բազմոցում:
-Հետո այն, ձագս,որ երբ մեծանաս, ամեն ինչ արա, քո իսկական, լուսավոր կեսին գտնելու համար…

Իմ լա՜վ տատիկ, երանի այդ հեքիաթը ժամանակին հիշեի…
Այդ օրը, տունդարձի ճանապարհին ես առաջին անգամ լսեցի սեփական քայլերիս քստքստոցն ու հասկացա, թե ի՞նչ է զգում մահվան դատապարտվածը: Ո՛չ, այդ պահին ես դեռ մեռած չէի, որովհետև կրծքիս տակ ծիլ առած նոր կյանք էր բաբախում ու ստիպում հուսալ, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու:
Առաջինն իմացավ մայրս ու սարսափած փլվեց հատակին: Մինչ ես փորձում էի նրան ուշքի բերել, հայտնվեց հայրս, ու ծանր ապտակը տապալեց ինձ: Թե քանի՞ հարված ստացա, չգիտեմ , որովհետև ֆիզիկական ցավը ոչինչ է այն հոգեկան ցավի դեմ, որ պատճառում է հարազատդ: Պարզվեց , որ ծնողներիս սերը նույնքան կեղծ էր ու ստի շղարշով պարուրված, որքան կարծեցյալ սիրելիինս:
-Լի՜րբ, վաղը մորդ հետ կգնաս բժշկի ու կազատվես դրանից,-հակառակ դեպքում հոգիդ բերանիցդ դուրս կբերեմ, - հորս խոսքերը, ամենածանր հարվածից էլ ծանր իջան գլխիս, մայրս մեղմիկ լաց եղավ,բայց լռեց… 
Հիշողություններ, հիշողություններ, երբեմն միայն ձեր առկայությունը բավական է, որ բեռը անտանելի ծանրանա:
Գիշերը, երբ բոլորը քնած էին, ես հեռացա տնից: Հեռացա այն հաստատ որոշմամբ, որ ոչ ոքի թույլ չեմ տա ինձ դարձնել մահվան աղախին: Հեռացա, որովհետև անչափ շատ էի սիրում կյանքը և ինչպե՞ս չսիրեի, երբ ինքը կյանքն էր թպրտում սրտիս տակ:
Հաջորդ ամիսներն անցան ինչպես երազում: Ես դադարեցի հաճախել դասերին, որովհետև աշխատել էր պետք: Կյանքը ժամանակ առ ժամանակ կորցնում էր գույները, բայց խելագար հույսը, որ այս ամենը մի օր պարգևատրվելու է փոքրիկիս սիրով, օգնում էր ապրել: Միայն տարօրինակ մի զգացողություն հանգիստ չէր տալիս: Ասում են, մարդ այնքան տարեկան է, ինչքան զգում է հոգին: Իմ հոգին քառասուն տարեկան, որովհետև ուսերիս առնվազն քառասուն տարիների բեռ էր կուտակվել:
Մահն ամեն օր իր դեսպաններն էր ուղարկում՝ ինձ պահածոյացնելու համար: Դրանց հետ շատերն են ծանոթ`տիկին լքվածությունն ու դատարկությունը: Դատարկության դեմ ես մի կերպ կարողանում էի պայքարել, որովհետև ծիլս սկսել էր խլրտալ ու շարժվել իմ մեջ, բայց լքված ու մենակ լինելու զգացողությունը կամաց–կամաց իր գործն անում էր: Դե, երբեմն էլ կյանքն էր ուղարկում իր օգնականին`պարոն հույսին, ու թեև նա շատ էր համեստ ու խեղճուկրակ, բայց իրար ուժ տալով մի կերպ ապրում էինք:
Ամեն ինչ փոխվեց հանկարծակի: Չգիտեմ ի՞նչն էր պատճառը… Հորս ծեծը, մորս անճարակությունը, թե՞ դավաճան կարոտը, որ սողոսկել էր սիրտս ու իր կինոխցիկով ուղեղիս մեջ անընդհատ պտտում էր միայն կյանքիս այն կադրերը, որոնցում ես ընդհամենը քսան տարեկան էի ու երջանիկ, բայց փոքրիկս որոշեց լույս աշխարհ չգալ: Մի գիշեր ես արթնացա անտանելի ցավերից ու միակ բանը, որ հասցրեցի անել “Շտապ Օգնություն” կանչելն էր: Հետո աչքերս բացեցի հիվանդանոցում, որտեղ ինձ հանգամանորեն բացատրեցին, որ այլևս ոչինչ չունեմ:Գիշերը, հիվանդասենյակի կեղտոտ մահճակալին պառկած, ես տեսա, թե ինչպես երազս մանուշակագույն մշուշ դարձած ցնդեց ու դանդաղ հեռացավ ինձնից: Այդ պահին ես դարձա ծեր ու հոգնած պահածո, որ սպասում է, թե իրեն ե՞րբ կվերցնեն նկուղի պահարանից: Մահը մոռացել է ինձ ու ես վախենում եմ, թե նա էլ ինձ կլքի մյուսների նման:Ասում են, երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ: Ու ես քստքստացնելով քայլում եմ արթնացող քաղաքի փողոցներով, հաստատ որոշումով, որ այս անգամ լքված չեմ լինի: Գոնե մի բանում հաստատ համոզված եմ` ինձ տեսնելիս տատիս կնճռապատ դեմքը կլուսավորվի…