Շանթից քաշվածները


20:00 , 3 հուլիս, 2014

Խոսքը կայծակի կամ «Շանթ» հեռուստաընկերության մասին չէ, այլ ոմն Շանթ Հարությունյանի, որն իրեն մի կողմից՝ քաղաքական գործիչի տեղ է դրել, մյուս կողմից՝ խելագարի տեղ:
Նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը կա՛մ անլուրջ է, կա՛մ խիստ բացասական: Միայն արտասահմանից սնվող իրավապաշտպան կազմակերպություններն են ձեւացնում, թե նրան լուրջ են ընդունում: Մեկ էլ ընդդիմությունն է առերես նրան դրական վերաբերվում՝ զուտ համերաշխությունից ելնելով: Անկեղծորեն դրական նրան ընդունում են միայն մի քանի անփորձ ու ռոմանտիկ միամիտներ: Այդպիսին էին Շանթի պատճառով այժմ բանտ ընկած տղաների մեծ մասը, որոնցից ոմանք արդեն սթափվել են եւ հասկացել, թե ինչ արեց Շանթը իրենց հետ:
Իսկ Շանթը տղաներին մոլորեցնելով ուղիղ բանտ տարավ եւ ամեն հնարք գործադրում է նրանց որքան կարելի է երկար պահելու ճաղերի հետեւում:
Դրդապատճառների մասին տարբեր կարծիքներ կան: Առաջին հայացքից թվում է, թե Շանթը գիժ է: Բայց հոգեբույժները դա չկարողացան հաստատել:
Երկրորդ կարծիքն այն է, որ նա իշխանությունների հետ համագործակցող սադրիչ է:
Երրորդ կարծիքն այն է, որ նա հուսահատ եւ անձնազոհ հեղափոխական է: Սա Շանթի եւ նրա շրջապատի կողմից ներկայացվող վարկածն է: Բայց կույր ու տկարամիտ պետք է լինել դրան հավատալու համար: Շանթը ոչ միայն հեղափոխական չէ, այլեւ նա ստորաբար վարկաբեկում է հեղափոխության գաղափարը իր միտումնավոր էքսցենտրիկ պահվածքով, գռեհկությամբ եւ վնասաբեր գործունեությամբ: Առայժմ նա միայն անմեղ մարդկանց ճակատագրեր է խեղում:
Չորրորդ վարկածն ամենահամոզիչն է: Ըստ դրա՝ նա քաղբանտարկյալներ է ստեղծում, քանի որ իր հայրը ԱՄն-ում ունի «Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե», որի խնդիրն է՝ գումար հայթայթել Հայաստանի քաղբանտարկյալներին օգնելու անունով: Ուրեմն՝ որքան շատ քաղբանտարկյալ, որքան շատ աղմուկ, այնքան շատ՝ փող: Հո պատահական չէ՞, որ Շանթի հայրը նոյեմբերի 5-ի արկածախնդրության առիթով նամակներ է գրում ԱՄՆ-ի նախագահ Օբամային եւ այլ ատյանների: Ավելին, Հայաստանում էլ է ստեղծվել դրամահավաքով զբաղվող կազմակերպություն՝ «Շանթ եւ ազատություն» հիմնադրամ, որն իբր անշահախնդիր մարդասիրական առաքելություն է կատարում: Բայց հիմնադրամի «հոգաբարձուներն» ու ղեկավարներն այնպիսի մոլեգնությամբ ու անձնազոհությամբ են մխրճվում դեպքերի ու իրադարձությունների մեջ, այնքան իրենց սրտին մոտ են ընդունում Շանթի ձախողումները, որ ասես իրենց կյանքի հարցն է լուծվում: Էլ ինչպե՞ս այդ պահվածքում շահախնդրություն չտեսնես: Ի՞նչ է, չլինի՞ նրանք անկեղծորեն հավատում են, թե Շանթը այսքանից հետո դեռ հեղափոխություն պիտի անի: Ո՛չ, իհարկե: Բայց ձեւացնում են, որպեսզի էլի միամիտների ներգրավեն Շանթի սկսած քրեա-քաղաքական բիզնեսի որոգայթների մեջ, ինչպես անիմաստ կերպով ներգրավվեց Հայկ Կյուրեղյանը:
Ուրեմն Շանթի «գործունեության» իրական շարժառիթները պարզելու նպատակով անհրաժեշտ է քրեական գործի մեջ նկատի ունենալ նաեւ այդ դրամահավաք կազմակերպողների գործունեությունը: Ամերիկյան իշխանությունների օգնությամբ պետք է հավաստի ու ամբողջական տեղեկություններ ձեռք բերել Շանըի հոր կազմակերպության վերաբերյալ: Դրանք կարեւոր լույս կսփռեն նոյեմբերի 5-ի գործի վրա:
Իսկ որ Շանթը ջանք չի խնայում գործը բարդացնելու, դատավարությունը երկարաձգելու, իր զոհերի վրա բարդված մեղադրանքը ուռճացնելու, գործի մեջ նոր մարդկանց ներքաշելու համար, ակնհայտ է դատական անցած 2 նիստերի տեսագրություններից:
Նիստերում Շանթը անվերջ փորձում է գրգռել իրավապահներին, բախումներ սադրել մի կողմից ոստիկանների, մյուս կողմից մեղադրյալների ու նրանց հարազատների միջեւ: Հիշենք թեկուզ գրեթե իր քաշն ունեցող իր որդուն իր ծնկներին այնքան պահելը, մինչեւ ոստիկանների համբերությունը հատներ, նրանք ստիպված լինեին Շանթին ու որդուն պատշաճ կարգի հրավիրել, Շանթն էլ ընդդիմանար, քաշքշուկ սկսվեր, նոր մարդիկ ներքաշվեին, ամբաստանյալները սխալվեին ու ոստիկաններին հրմշտեին, խփեին եւ իրենց գործը ավելի ծանրացնեին:
Հիշենք Շանթի գրգռիչ ու անզուսպ ելույթները: Հիշենք նրա փողոցային հայհոյանքները դատարանի դահլիճում նստած կանանց ու աղջիկների ներկայությամբ: Հիշենք ամբաստանյալներից մեկի (որի հետ Շանթը, չգիտես ինչու, չունի) փաստաբանի վրա հարձակվելը,  նրան ընդհատելն ու խանգարելը:
Թե դեռ ինչ սադրանքների է դիմելու Շանթը հաջորդ նիստերին, դեռ կտեսնենք: Բայց մի բան պարզ է: Շանթը ձգտում է ոչ թե կարճ ճանապարհ գտնելու տղաներին բանտից դուրս բերելու համար, այլ ճիշտ հակառակը:
Մնում է, որ Շանթից քաշված տղաները ի վերջո հասկանան, թե իրենք ինչ կարգավիճակում են, եւ ինչպես է Շանթը նենգորեն խաղում իրենց ճակատագրի հետ: Այդ դեպքում ամեն ինչ արագ հանգուցալուծում կստանա: Թող որ դա  Արթուր Սաքունցի, Միքայէլ Հայրապետեանի եւ նմանների սրտով ու գրպանով չլինի: Սրանց ձայնը տաք տեղից է գալիս:
Եվ ընդհանրապես հեշտ է ուրիշների կյանքի ու առողջության հաշվին սեփական խնդիրները լուծելը: Իսկ այդպիսի մակաբույծները այս կյանքում քիչ չեն: