21:52 , 2 հուլիս, 2014Tert.am-ը գրում է.
Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր է` կայանա հոկտեմբերին, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար անակնալ չէր, քանի որ նա ամիսներ առաջ էր ասել, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ի ինտեգրացիայի խնդիրը կտեղափոխվի խոր աշուն։
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը նկատեց, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության հարցում խոչընդոտները շատ են, որոնք հասկանալու համար պետք է հաշվի առնել ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ, ինչպես նաև՝ ՀՀ անդամակցության խնդրի վերաբերյալ «տրոյկայի»՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վերաբերմունքը։
«Մայիսի 29-ին Աստանայում հաստատվել էր, որ կլինի «տրոյկայի» երկու նիստ, մեկը՝ հոկտեմբերին, մյուսը՝ դեկտեմբերին։ Իսկ «տրոյկան» կարող է փաստաթուղթը ստորագրել միայն այդ ժամանակ։ Նույնիսկ Ղազախստանի նախարարի խոսքը հաստատ չէ, ասում է՝ կարող է ստորագրվել»,-նշեց նա։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք առկա էին պայմանագիրը պատրաստելու պահին, շարունակում են մնալ չլուծված։ Իսկ թե ինչպես իշխանություններն են ասում՝ դրանք կարելի՞ է համարել տեխնիկական, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Գիտեք՝ տեխնիկական են ասում, բայց եթե բանը հասել է նրան, որ ՀՀ-ն պետք է վերանայի իր միջազգային հարաբերությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ գործընկերների հետ, ինչպես Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն է ասել, շատ ներեցեք, բայց սա տեխնիկական չես համարի։ Եթե Հայաստանը պետք է բարձրացնի բոլոր մաքսադրույքները, ինչը նույն Շուվալովը հայտարարեց՝ հակառակ Սերժ Սարգսյանի հուլիսի 17–ի ելույթի, սա նույնպես տեխնիկական չեք համարի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն այլ բան է պայմանավորվում Հայաստանի հետ, մյուս կողմից՝ եռյակի ձեռքերով այլ բան է մատուցվում Երևանին»։
Քաղաքագետը պակաս կարևոր հարց չհամարեց ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ Ղազախստանի և Բելառուսի վերաբերմունքը. «Ապրիլի 28-ին Բելառուսը չափազանց պարզ ու հրապարակային ասաց՝ իսկ ի՞նչ է ստանում իմ երկիրը Հայաստանի անդամակցությունից, արդյո՞ք դա բեռ չի։ Իհարկե՝ անուն չի տրվել, բայց ասվել է, որ նոր անդամակցությունից մենք էլ կշահենք, ու այս խնդիրը դրվել է, այսինքն՝ բոլորն են հասկանում, որ Հայաստանն ավելի շատ փորձում է օգտվել, քան՝ տալ մյուսներին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ