Օտար լեզուների ուսումնասիրությունը դանդաղեցնում է ծերացման գործընթացը. հետազոտություն


12:40 , 2 հուլիս, 2014

Untitled-111in.am-ը գրում է.

Համաձայն Էդինբուրգի համալսարանի մի խումբ գիտնականների հետազոտությունների՝ օտար լեզուների ուսումնասիրությունը՝ անգամ պատկառելի տարիքում, արգելակում է ճանաչողական ակտիվության թուլացման գործընթացները: Այս մասին գրում է Le Figaro-ն:

Ամերիկյան Annals of Neurology ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները փաստում են, որ երկու և ավելի լեզուների իմացությունը բարձրացնում է ճանաչողական գործունեության արդյունավետությունը և գլխուղեղի աշխատունակությունը:

«Շնորհիվ երկու լեզվով խոսելու ունակության՝ գլխուղեղը ձեռք է բերում հավելյալ ունակություններ, որոնք կկարողանան այն պաշտպանել մեծ տարիքում»,- Le Figaro-ն մեջբերում է բժիշկ Բեռնար Կրուազիլի խոսքերը, որը Լիոնի համալսարանական հոսպիտալի նյարդահոգեբուժական բաժանմունքի վարիչն է:

«Ընդ որում՝ գլխուղեղի այդ կարողությունը կախված չէ մարդու սեռից, նրա IQ-ից, կրթության մակարդակից ու կենսակերպից»,- նշել է պրոֆեսորը:

Բացի այդ՝ ուսումնասիրությունը փաստել է նաև, որ երկրլեզվությունը դանդաղեցնում է տարբեր հիվանդությունների խորացումը մինչև 5 տարի ժամկետով, անգամ զսպում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: