20:37 , 30 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանական Սայն-Վիտհենշտեյն ազնվականական ընտանիքին պատկանող 27-ամյա արքայադուստր Թեոդորային Շոտլանդիայի դատարանը «անպարկեշտ վարքի և էթնիկ հիմքով սպառնալիքների համար» տուգանել է 1000 եվրոյով՝ հայտնում է The Times-ը:
Թերթի տեղեկացմամբ՝ դատի ժամանակ փաստաբանն ասել է, որ «արքայադուստրն անարգել է ամբողջ Սայն-Վիտհենշտեյն տոհմը»:
Շոտլանդիայի հայտնի Սենթ-Էնդրյուսի համալսարանում ուսանողական երեկույթի ժամանակ Թեոդորան «գրգռվելով փորձել է հանել իր հագուստը», գրել են տեղի ԶԼՄ-ները: «Երբ շրջապատողները փորձել են դա թույլ չտալ, նա նրանց հասցեին նկատողություն է արել անընդունելի արտահայտություններով, որ կրել են նաև վիրավորական էթնիկ բնույթ»,- հայտնում է պարբերականը:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն արքայադստերը տարել են ոստիկանության բաժանմունք: Դատարանն արքայադստեր համար խոշոր չափի տուգանք է սահմանել հասարակական վայրում խառնաշփոթ առաջացնելու համար:
Ֆոն-Սայն կոմսությունը հիշատակվում է 1145 թվականից: Նրա տիրույթները տարածվել են Վեսթֆալիա պատմական շրջանում: