16:32 , 30 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, անդրադառնալով Ուկրաինայի իշխանությունների կողմից Ուկրաինայում կրոնական փոքրամասնություն հանդիսացող հայ համայնքին Կամենեց Պոդոլսկ քաղաքի 13-րդ դարի խոնարհված եկեղեցու հանձնմանը, նշեց, որ 12 տարի շարունակ այդ հարցով բանակցություններ էին տարվում ու ավելացրեց. «Եվ այս լարված իրավիճակում, եթե ուկրաինական իշխանությունները եկեղեցին հանձնում են, նշանակում է, որ դա գոյություն ունեցող լարվածությունը մեղմելու միտումներից ու ջանքերից մեկն է»:
-Պարո՛ն Մանուկյան, հայտնի է, որ Ուկրաինայում շուրջ 500 հազար հայ կա. Ուկրաինայի արևելյան շրջաններում մոտավորապես որքա՞ն է նրանց թիվը:
-Արևելյան Ուկրաինայում ապրում է շուրջ 200 հազար հայ՝ կոնկրետ Դոնեցկի, Լուգանսկի և այլ շրջաններում: Մենք Ուկրաինայում հայ համայնքի ղեկավարների հետ կապի մեջ ենք, բայց այնտեղ պատերազմական իրավիճակ է: Ամեն օր համայնքի ղեկավարների հետ կապի մեջ ենք ու ինչ հնարավոր է՝ փորձում ենք անել, բայց ո՛չ օգնություն կարող ենք ուղարկել, ոչ… Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, ու այնտեղ ապրող բոլոր ազգերի ներկայացուցչների մոտ նույն վիճակն է:
-Այս ընթացքում արդեն ուկրաինական իշխանությունների ու ռուսամետ ուժերի գործողությունների արդյունքում կան հարյուրավոր զոհեր, նրանց մեջ ազգությամբ հայեր կա՞ն, ինչպես նաև՝ վիրավորների թվում:
-Վերջին շրջանում՝ ոչ, բայց եղել են:
-Ինչպես հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ այս շրջաններին մոտ Ռուսաստանի շրջաններում գտնվող ժամանակավոր ապաստարաններում է հաստատվել 17 հազար մարդ։ Որպես դեսպան, Ձեզ մտահոգո՞ւմ է, որ 500 հազար հոգանոց համայնքը նաև այդտեղից հնարավոր է արտագաղթի՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով:
-Տեղի հայ համայնքը այդ երկրի քաղաքացիներ են՝ Ուկրաինայի քաղաքացիներ, ապրում են այստեղ, ունեն իրենց տուն-տեղը. ոնց որ ուկրաինացին, նույնը՝ հայը: Եթե հնարավոր չլինի ապրել, պարզ է, որ պիտի հեռանան, եթե, տա Աստված, դադարի քաղաքացիական պատերազմը, մարդիկ այստեղ ունեն իրենց տները, սեփականությունը, ամեն ինչ ունեն: Ու, կրկնում եմ, դա միայն հայերին չի վերաբերում, այլ բոլորին, ովքեր բնակվում են այդ տարածքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ