09:24 , 30 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Արդեն երկրորդ հարկն են կառուցում: Հույս ունենք, որ 2015 թվականի վերջին շենքը պատրաստ կլինի: Կառուցման աշխատանքներն արագ տեմպերով առաջ են գնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանը:
Նա հավանական է համարում, որ 2015-2016 թթ. ամանորյա ներկայացումներն արդեն կանցկացնեն նորակառույց կրկեսում: Ս. Պետրոսյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախագծի:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։
Ս. Պետրոսյանն ասաց, որ կրկեսն ունենալու է փորձասենյակներ, հյուրախաղերով ՀՀ-ում գտնվող կրկեսի դերասանները նույնպես մնալու են կրկեսի շենքում հատուկ նախատեսված հյուրասենյակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ