Կիրակնօրյա նոթեր
2014 թվականի հունիսի 27-ին, ֆուտբոլի աշխարհի առաջնության տոնական աղմուկի մեջ կորչելով, տեղի ունեցավ հետսովետական պատմության կարևորագույն իրադարձությունը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին Եվրասոցացման համաձայնագիրը։ Ռուսական քարոզչությունը մանր գողության եղանակով փորձեց նվազեցնել նրա նշանակությունը՝ շեշտելով, որ Ուկրաինան ստորագրել է համաձայնագրի միայն տնտեսական մասը, թեև քաղաքական մասն, ընդհակառակը, ստորագրվել էր ավելի շուտ՝ մարտի 21-ին։
Սա ռուսական կայսրության մեծագույն կծկումն է վերջին մի քանի հարյուր տարում, ինչը Բելովեժյան թավուտում, 1991 թվին, կատարվել էր միայն իրավականորեն. Եվրամիությանն ասոցացվող բոլոր երեք հանրապետությունները դեռ տերության մաս էին վերջին 15 տարին «ցարերի գահը» (Չարենց) զբաղեցնող Պուտինի գլխում:
Ընդ որում, «ցարը» հարկադրված եղավ մի քանի քայլ կատարել, որպեսզի Արևմուտքին ցույց տա՝ նահանջում է թշնամական դիրքերից։ Հրահանգեց Արևելյան Ուկրաինայի իր ավազակներին մինչև հունիս 27-ը պահպանել հրադադարը, քիչ թե շատ, ազատ արձակել տվեց պատանդ վերցրած եվրոպական դիտորդներից մի քանիսին և, ամենակարևորը՝ հետ-ողորմյա արեց ՌԴ նախագահին Ուկրաինա զորք մտցնելու արտոնություն տալու որոշումից, որ կայացրել էր ռուսական մեդիայի կողմից Դաշնության խորհուրդ, «սենատորներ» հնչեղ անուններով պատվված ոչխարի հոտը։ ԴԽ-ը, ձայների 153։1 հարաբերակցությամբ, չեղյալ հայտարարեց 2014 թվականի մարտի 1-ին
միաձայն, բաց քվեարկությամբ ընդունած իր որոշումը։
Ռուսական քարոզչությունն իր թալանը կատարեց էս ընթացքում՝ հիշեցնելով, որ շարունակում է ուժի մեջ մնալ Դաշնության խորհրդի 2009 թ.-ի դեկտեմբերի 16-ի որոշումը, որը ՌԴ նախագահին թույլ է տալիս
«Ռուսաստանի դաշնության Զինված ուժերի զորամիավորումներն օգտագործել» երկրի սահմաններից դուրս։
Ձևական առումով դա էր գինը, որով Ավստրիան Պուտինին թույլ տվեց Վիեննա այցելել և «Հարավային հոսքի» գազատարի կառուցումը շարունակելու մասին կենսականորեն անհրաժեշտ փաստաթղթեր ստորագրել։ Միայն թե էս ձեռքբերումը հարաբերական է՝ Եվրամիությունը ցանկացած պատեհ առիթով կարող է ստիպել Ավստրիային հրաժարվել մասնավոր շահ հետապնդող համաձայնություններից։
Միաժամանակ, աշխարհի աչքի առաջ, բայց՝ առանց որևէ հակազդեցության կամ նույնիսկ արձագանքի, Պուտինը Ուկրաինայի վերջնական «կորստից» կորզում է իր որոշակի օգուտը. Արևելյան Ուկրաինայի բնակչության հաշվին ժողովրդագրական ահռելի «ներարկում» է կատարվում ՌԴ։ Արդեն շուրջ կես միլիոն ռուս փախստական է տեղափոխվել Ռուսաստան, որոնց մեծամասնությունն այլևս չի վերադառնա Ուկրաինա՝ անկախ իրադարձությունների զարգացումից։
Զարմանալի է, բայց՝ փաստ. հայ և օտար վերլուծաբանները հիմնականում ուշադրություն չդարձրին կովկասյան ու միջինասիական ներգաղթյալների հանդեպ ՌԴ օրենքների խստացման և ազգությամբ ռուսների խոշոր ներգաղթի միջև... Թեև միգուցե Կրեմլը շտապել է՝ միայն Պսկովի մարզի օրինակը, որտեղ բնակչությունը կրճատվել է մեկ միլիոնով (1.677.000-ից իջել է 702.000-ի՝ 1926-ից մինչև 2008 թ., և... միայն հայերի քանակն է մարզում հնգապատկվել վերջին 25 տարում), ցույց է տալիս, որ «ձեռքբերումը» դեռ սպեղանի չէ Ռուսաստանի ժողովրդագրական վերքին։
Հիմա, երբ արդեն եվրասոցացումն իրողություն է, և Ուկրաինան հասցրել է հայտարարել է ԵՄ անդամ դառնալու իր երազանքի մասին, սա հրադադարի է հանգեցրել նաև ռուս-ուկրաինական տնտեսական հարաբերություններում։
Եկել է տնտեսական ոչ-քարոզչական հաշվեկշիռն անելու ժամանակը։
Հակառակ ամիսների սպառնալիքին, ՌԴ-ը չի շտապում փոխել Ուկրաինայի հետ ապրանքների տեղաշարժի գործող պայմանները, քանի որ բոլորովին պարզ չէ, թե ով կտուժի դրանից ավելի շատ։ Ռուսական քարոզչությունն իր թալանն է կատարում՝ բազմապատկելով կորուստները, որ ունենալու է Ուկրաինան, բայց արդյոք դրանից ռուսական կորուստները կպակասեն՝ սա չի կարող չգիտակցել Կրեմլը։
Դա է, միգուցե գլխավոր պատճառը, որ ՌԴ-ն առանց հոդաբաշխ բացատրությունների հետաձգում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ (Չհաշված Ադրբեջանի հետ Հայաստանի հաշվին ցինիկ առևտրի հանգամանքը… և բուն ԵՏՄ նախագծի որոշակի իմաստազրկումը Ուկրաինայի «կորստից» հետո)։