19:27 , 28 հունիս, 2014
Անցյալ շաբաթ Լեհաստանում քաղաքական սկանդալ էր:
Վարչապետ Դոնալդ Տուսկի շրջապատի մարդիկ՝ նախարարներ, գործարարներ, բանկիրներ, ռեստորաններից մեկում ճաշել էին, քաղաքական ու այլ հարցեր քննարկել, հետո՝ այդ զրույցը գաղտնալսվել էր ու դարձել հասարակության սեփականությունը:
Երեք օր առաջ Տուսկը խորհրդարանում բարձրացրեց իր կաբինետի վստահության հարցը՝ ստանալով մեծամասնության աջակցությունը:
Բայց սա լեհերին չի բավարարում. Վարշավայում ու Կրակովում շարունակվում են ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:
Բայց միևնույն է՝ ես երնեկ եմ տալիս լեհերին՝ թե կառավարությանը ու թե նրա հրաժարականը պահանջող մարդկանց:
Մեզանում՝ նախարարները, պատգամավորները, նրանց շրջապատն ամեն շաբաթ հայտնվում են մեծ սկանդալների մեջ. մարդ ծեծել, առևանգել, ցուցարարին «պիդռ» ասել, հարբած ներկայանալ խորհրդարան ու ափռցփցվել, բայց ոչ մեկի մտքով չի անցնում բարձրացնել իր վստահության հարցը կամ մանդատը վայր դնել:
Անկեղծ ասած՝ հասարակությունն էլ շատ հանգիստ է վերաբերում տեղի ունեցածին, որովհետև Հայաստանում ուժի ու զոռբայության կուլտ է:
Ուժն ու զոռբայությունը մարդուն բարձրացնում են իշխանության սանդղակում, հարստացնում, դրանց բացակայությունը՝ դարձնում անպաշտպան ու իրավազուրկ: