Ր.Հովհաննիսյանը ժամանակ տվեց քառյակին


16:32 , 28 հունիս, 2014

Ր.Հովհաննիսյանը ժամանակ տվեց քառյակինPanorama.am-ը գրում է.

Այն քաղաքական ուժերը, որոնք սրտացավ են, ուզում են փոփոխություն և ուզում են ունենալ Սահմանադրական Հայաստան պետք է միակը լինելու բարդույթից դուրս գան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը, որի ժամանակ իր ելույթում Ր.Հովհաննիսյանը նշեց, թե ցանկանում է տեսնել Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի նախագահության: Այդ կոնտեքստում լրագրողները հետաքրքրվեցին` այդ դեպքում ինչու քառյակը իր 12 պահանջներում այդ ձևակերպումը առաջ չի քաշել:

«Մենք ողջունում ենք խորհրդարանական համագործակցությունը և հույս ունենք, որ այդ համագործակցությունը շարունակություն կունենա: Յուրաքանչյուր ուժ նաև ունի իր օրակարգը և եթե «Ժառանգությունը» մնար միայնակ, ապա կունենային ոչ թե 12 կետ, այլ 120` թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, մարդու իրավունքների վիճակը երկրում վատթարանում է, աղքատություն ունենք, արտագաղթ: Սրանք հարցեր են, որոնք պետք է մտահոգեն բոլորին, և դրա համար ես կարծում եմ, որ խորհրդարանական համագործակցությունը կմնա այդպիսին, քանի դեռ այդ ուժերը և քաղաքացիական գործընկերները չեն ամբողջացրել իրենց օրակարգը»,- նշեց Ր.Հովհաննիսյանը, շարունակելով, թե լավ է, որ կա 12 կետ, որովհետև դա վկայում է խորհրդարանական նոր մշակույթի մասին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կլինի աշնանը, մանավանդ եթե իշխանությունները քառյակի պահանջները չկատարեն, «Ժառանգության» կուսակցապետն ասաց, որ բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանը պետք է դառնա Սահմանադրական երկիր, և դա պետք է տեղի ունենա ավելի շուտ, քան ուշ:

«Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգն առաջ կտանենք... մեր կարծիքով դա տեղի պետք է ունենար մարտի 28-ին,, ապրիլի 9-ին, հետո մայիսին, մենք կողմնակից ենք արագ և ամբողջական գործելու, բայց խորհրդարանական համագործակցությունն իրենց որոշմամբ մատնանշել է աշուն` թող անեն: Դրանից այն կողմ ես կարծում եմ, որ պետք է նոր, գլոբալ նպատակ լինի և այդ նպատակն է Սահմանադրությունը ժողովրդին վերադարձնելը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ