Թուրքիան կարող էր Եգիպտոսի վերածվել. Էրդողան


11:56 , 28 հունիս, 2014

erdogan_1-jpg201406271608361in.am-ը գրում է.

Թուրքիան կարող էր Եգիպտոսի վերածվել, եթե ժամանակին չկանգնեցվեին անօրինական կառույցների հակապետական գործողությունները՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Էրդողանի խոսքով՝ կան ուժեր, որոնք ուզում են Թուրքիան Սիրիայի վերածել:

Էրդողանը նաև նշել է, որ կառավարությունը մինչև վերջ կպայքարի ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ 2011թ. իրականացվող հակակոռուպցիոն գործողության շրջանակներում գաղտնալսվել են շուրջ 7000 մարդու հեռախոսազրույցներ, որոնք կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Գաղտնալսվել են նաև երկրի վարչապետի ընտանիքի անդամների հեռախոսազրույցները:

Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել է այն բանում, որ իր շարժման ներկայացուցիչներն են կանգնած գաղտնալսումների հետևում:

Էրդողանը Գյուլենին կոչ է արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և ԱՄՆ-ին մեղադրել է նրան աջակցելու մեջ:

Թուրքիայում Գյուլենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական հեղաշրջման և Թուրքիայի դեմ լրտեսության մեղադրանքով: