Հայկական գունդը թուրք-բուլղարական պատերազմում


23:34 , 8 օգոստոս, 2012

Նկատի ունենալով Բալղարիայի նկատմամբ հայերի համակրանքը, երկու ժողովուրդների շահերի ընդհանրությունը թուրքերի դեմ մղվող պայքարում, բուլղարական բանակի հրամանատարությունը ընդառաջում է հայերի առաջարկությանը՝ կազմավորելու կամավորական ջոկատ՝ Բալկանյան պատերազմին մասնակցելու համար։ Այդ ջոկատը ձևավորվում է Սոֆիայում, Անդրանիկի անմիջական ղեկավարությամբ։
Մակեդոնիա-օդրինյան կամավորների գլխավոր հրամանատար գեներալ Գենովի՝ 1912 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով Անդրանիկի շուրջ համախմբված 19—45 տարեկան 230 հայ կամավորներից ձևավորվում է հայկական վաշտ՝ հայոց ազգային դրոշով, հայ սպաներով ու վոյեվոդներով։ Վաշտը պաշտոնապես կոչվեց 12-րդ Լոզենգրադյան դրուժինայի 2-րդ վաշտ։ Նրա «վոյեվոդ» Անդրանիկը, իր իսկ զինվորների վկայությամբ, «վաշտի հոգին, նրա փառքն ու պարծանքը, նրա բարձրագույն իշխանավորն էր»։
Բազմաթիվ հայեր ընդգրկվեցին բուլղարական բանակի՝ կամավորական սկզբունքով կազմավորված 3-րդ բրիգադում, որի հրամանատարն էր փոխգնդապետ Ալեքսանդր Պրոտոգերովը։ Բրիգադի սանիտարական մասի բժիշկ Արմեն Սյունին 1914 թ. Բաքվում հրատարակեց «Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912—1913 թթ. Բալկանյան պատերազմում» գիրքը, որը կարևոր աղբյուր է հայ և բուլղար ժողովուրդների ռազմական համագործակցության և բարեկամության մասին։
1912 թ. հոկտեմբերի 23-ին հայկական վաշտի՝ Սոֆիայից ռազմաճակատ մեկնելու արարողության մասին Սյունին գրել է. «Կանայք և աղջիկները թարմ ծաղկեփնջեր մատուցեցին թե՛ Անդրանիկին՝ վաղեմի հերոսին, թե՛ մյուսներին՝ ապագա հերոսներին։ Ամբողջ գաղութահայությունը ոգևորությամբ ու հուզմունքով էր եկել հրաժեշտ տալու և վերջին անգամ իր աչքով տեսնելու հայկական վաշտը և լսելու հրամանները։ Ամենքն էլ իրենց հետ որևէ բան էին բերել տղաներին բաժանելու համար՝ քաղցրեղեն, ծխախոտ, ծաղիկներ և այլն… Ուրախ, զվարթ քայլում էին տղերքը՝ երգելով հայկական երգեր, իսկ ժողովրդի խառը բազմությունը հետևում էր նրանց դեռ երկար ժամանակ»։
1912 թ. նոյեմբերի սկզբներին հայկական կամավորական վաշտը Անդրանիկի հրամանատարությամբ արդեն մարտերի մեջ էր։ Բուլղարական բանակի սպա Կոնևը հայ կամավորականների սխրագործությունների մասին գրել է. «Օ՜, առյուծներ են, կատարյալ առյուծներ… Ինչպիսի՜ քաջ տղերք կան, մարդ ուղղակի զարմանում է: Շատ քաջ է մանավանդ Սարերու Ասլանը (Անդրանիկը), միաժամանակ թե՛ երգում է և թե՛ կրակում»։
Բալկանյան առաջին պատերազմի ամիսներին, մինչև նրա հաղթական ավարտը, հայկական վաշտը մասնակցում է բազմաթիվ ճակատամարտերի և արժանանում բուլղարական հրամանատարության բարձր գնահատականին։
Նոյեմբերի 15-ին Մերհամլըի կռվում Անդրանիկն իր վաշտով գերի է վերցնում թուրք Մեհմեդ Յավեր փաշային, որի զորախմբում կային 10 հազար զինվոր, 242 սպա, 3 գնդապետ, 1 փաշա։ Երբ պարտված Յավեր փաշան թուրը հաղթողին հանձնելիս տեսնում է իր դեմ կանգնած Անդրանիկին, այլայլված ասում է. «Եթե նախապես իմանայի, թե իմ դեմ դուք եք կռվում, մինչև վերջ կկռվեի ու երբեք անձնատուր չէի լինի»։
1913 թ. հունվարի սկզբներին հայկական վաշտը բուլղարական զորքերի կազմում մտնում է Մարմարա ծովի եվրոպական ափ՝ Ռոդոսթո քաղաքը։ Առջևից ձի հեծած գնում էր փոխգըն– դապետ Պրոտոգերովը իր շտաբով, նրա հետ էր Անդրանիկը՝ արաբական նժույգի վրա։ Նրանց ընդառաջ էին ելել հազարավոր մարդիկ։ Պրոտոգերովը զինվորական շքանշաններ է հանձնում Անդրանիկին և նրա ռազմիկներին։ «Մի ժողովուրդ,— ասում է նա,— որ գնահատում ու հարգում է իր հերոսներին, երբեք չի մեռնի։ Այդպիսի ժողովրդի ապագան պայծառ է, և նրա փրկությանը՝ մոտ։ Կեցցե՜ Անդրանիկը»։
Ռոդոսթոյի հայկական ակումբում տրված ճաշկերույթում արտասանած ճառում դոկտոր Իվան Դիմիտրովն ասում է. «Եթե փողոցում հանդիպեք հայի, իսկույն կճանաչեք նրան, նրա աչքերի մեջ հանգել է ուրախության փայլը, նրա դեմքը կրում է տխրության կնիք։ Նա իրեն իր հայրենիքի դժբախտությունից չի բաժանում, նույնիսկ, երբ երգում է ու խոսում»։
Արտասանելով «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը, Դիմիտրովը առաջարկում է հայ ազգի բախտավորության և ապագայի կենացը։
Պատասխան խոսքում Անդրանիկն առաջարկում է հարգել պատերազմում զոհվածների հիշատակը, որոնց մեջ քիչ չէին նաև հայ ռազմիկները։
Բնակչության հետ կամավորների այս և նման այլ հանդիպումները վերածվում էին բուլղար և հայ ժողովուրդների ջերմ բարեկամության ցույցերի, վկայում էին նրանց անխախտ համագործակցությանը։
1913 թ. մայիսի 23-ին, Թուրքիայի հետ բալկանյան պետությունների հաշտության պայմանագիրն ստորագրելուց հետո, հայկական վաշտն արձակվում է։ Այս կապակցությամբ գեներալ–մայոր Գենովի ստորագրած հրամանում ասված էր. «Ընդհանրապես հայկական վաշտը միշտ եղել է ուժեղ իր տոկունությամբ, կարգապահությամբ ու դիմացկունությամբ և չափազանց քաջ էր կռիվների մեջ։ Այդ վաշտի բոլոր մասնակիցները կարող են հպարտանալ իրենց քաջ գործերով, իսկ Արևմտյան Հայաստանը պետք է հավատացած լինի, որ շնորհիվ այդպիսի որդիների, որոնք ընդունակ են մեռնելու մի օտար գործի համար, մոտիկ ապագայում կարող է ունենալ երջանիկ ու հարատև ապահովություն»։
Ռազմաճակատից Սոֆիա վերադառնալուց հետո էլ հայկական վաշտի զինվորներն արժանանում են բուլղար ժողովրդի հարգանքին ու երախտագիտությանը։ Բուլղար ռազմիկները բարձր գնահատելով Անդրանիկի ծառայությունները, գրում էին. «Սիրելի Անդրանիկ, վստահ եղեք, որ երբ առիթը ներկայանա ձեր հայրենիքն ալ փրկելու թուրքական ճիրաններեն, մենք ալ փոխադարձաբար ձեր կողքին պիտի գտնվինք»։ Սակայն…