Առաջին համաշխարհային պատերազմի ուրվականը (22 PHOTO)


15:12 , 27 հունիս, 2014

1964 թ. գարնանը «LIFE»-ի լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադթը, ով Գերմանիայի հրետաձիգ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և թղթակից Քեն Գուլդթրոպը ուղևորվեցին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վերդեն: Հինգ տասնամյակ առաջ հենց այդտեղ էլ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենասահմռկեցուցիչ ճակատամարտերից մեկը:

French veterans of World War I revisit Verdun, 1964.

Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիացի վետերանները նորից այցելել են Վերդեն

Ամեն ինչ սկսվեց էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից: Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո Ավստրիան վերջնագիր ներկայացրեց Սերբիային: Սերբիան օգնության խնդրանքով դիմեց Ռուսաստանին: Ավստրիան դիմեց իր դաշնակից Գերմանիային: Այս ամենին խառնվեցին Անգլիան և Ֆրանսիան, և սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմի ընթացքում 11 միլիոն մարդ զոհվեց և սկսվեց մի համաճարակ, որի պատճառով մահացավ 18 մլն. մարդ, տեղի ունեցան հեղափոխություններ, որոնք խլեցին միլիոնավոր մարդկանց կյանքը: Ի վերջո, պատերազմի ավարտն ազդարարվեց Վերսալյան պայմանագրի ստորագրմամբ: Ֆերդինանդի սպանությունից 100 տարի անց մենք Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում ազդեցիկ լուսանկարներ, որոնք նկարվել են Վերդենում: Այս խաղաղ բնապատկերները մինչ օրս էլ կրում են պատերազմի սպիները: Գուլդթրոպը «LIFE»-ի 1964 թ.-ի հունիսի 5-ի համարում գրել է.

«Արևմտյան ճակատի բոլոր պատերազմական վայրերից ոչ մեկն այնքան վառ կերպով չի խորհրդանշում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ջարդը, որքան Վերդենի դաշտերն ու բլուրները: Այստեղ գերմանացիները փորձեցին ֆրանսիական բանակի արյունը թափել և սպանել բոլոր ֆրանսիացի զինվորներին: Այսօր Դյումոնի հուշահամալիրում, որում անգամ հիմա է մահվան գարշահոտը տարածված, երկու բանակների հազարավոր զինվորների ոսկորներն են ամփոփված: Զինվորներից ոմանց ինքնությունն այդպես էլ չի հաջողվել պարզել: Այստեղ կան գանգեր, ազդրեր և մի զինվորի կոշիկի ներբան, ինչպես նաև հազարավոր ռմբակոծություններից մնացած արկեր: Դրանք խառնվել են իրար ու ներծծվել ցեխի մեջ: Սակայն բոլոր հուշարձանները չէ, որ կանգնեցվել են անհայտ զինվորների հիշատակին: Ֆորտ Վոքսի պատին մոտակա դաշտերի մի քանի կակաչները զարդարում են Վերդենի ֆրանսիացի զոհերից մեկի գերեզմանաքարը: Քարին գրված է. «Իմ որդու հիշատակին: Այն ժամանակից ի վեր, ինչ քո աչքերը փակվել են, իմը մի ակնթարթ անգամ չեն դադարել արտասվել»: