Այսօրվա պատմական իրադարձությունն ընդամենը սկիզբ է՝ երկար ճանապարհի մեկնարկ


13:40 , 27 հունիս, 2014

Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը (համաձայնագրի քաղաքական մասն Ուկրաինան ստորագրել էր դեռ մարտ ամսին)։
Վրաստանն ու Մոլդովան ևս ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն անդամակցություն։
Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից՝ վարչապետ Յուրի Լյանկեն։
Սա, անշուշտ, պատմական իրադարաձություն է, որը շրջադարձային կարող է լինել հետխորհրդային տարածքի զարգացումների համատեքստում:
Մերձբալթյան երկրներից հետո հետխորհրդային ևս երեք պետություն կատարեցին աշխարհաղաքական, արժեհամակարգային ընտրություն՝ իրենց դուրս դնելով ռուսական ազդեցության գոտւց:
Երեք երկրներն էլ, անշուշտ, ունեն պրոբլեմներ, տարածքային խնդիրներ, որոնք բոլորն էլ կապված են Ռուսաստանի հետ:
2008-ի ռուս-վրացական պատերազմն ու Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի «ռուսակակացումը», Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ այս իրադարձությունները նվազագույնի հսացրեցին Մոսկվայի ազդեցությունը Թբիլիսիի, Կիևի, Քիշնևի վրա՝ արագացնելով Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի եվրաինտեգրումը:
Վրաստանն անցել է բարեփոխումների «առաջին սերունդը» ու հիմա պետք է անշրջելի դարձնի ժողովրդավարական բարեփոխումները:
Ուկրաինան դեռևս ունի պետության ինստիտուցիոնալ կայացվածությունն ապացուցելու խնդիր. անհրաժեշտ է գտնել բանաձև, որը կապահովի այդ երկրի արևմուտքի ու արևելքի միասնականությունն ու ներդաշնակությունը:
Մոլդովան պետք է կարողանա հաղթահարել չպակասող կոռուպցիան, ինչպես նաև իր հասարակությանը համոզի եվրաինտեգրացիայի առավելությունները, որովհետև այդ երկրում առկա է բավականին ուժեղ ռուսամետ ընդդիմություն:
Մի խոսքով, այսօրվա պատմական իրադարձությունն ընդամենը սկիզբ է՝ երկար ճանապարհի մեկնարկ...

Կից նյութն այստեղ