«Շիայական շղթան» ակտիվանում է ընդդեմ սուննիական ծայրահեղականության


21:43 , 26 հունիս, 2014

Իրաքյան կառավարությանը մոտ կանգնած որոշ քաջատեղյակ աղբյուրների հաղորդումներ փաստում են, թե, Իրանի միջնորդությամբ, իրաքյան և սիրիական բանակների միջև համաձայնություն է կայացել առ այն, որ սիրիական ռազմական ստորաբաժանումներին արտոնվում է ռմբակոծել Սիրիային սահմանակից իրաքյան ալ-Կաիմ, ալ-Ռաթբա, Թալ Աֆար շրջաններում հաստատված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դիրքերը: Ըստ այս համաձայնության՝ կողմերը նաև պետք է միմյանց հետ հետախուզական տվյալների փոխանակում իրականացնեն:
Մի շարք տեղեկատվական աղբյուրների հավաստմամբ՝ իրաքյան բանակին աջակցելու և այդ երկրում գտնվող շիայական սրբավայրերի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով սեփական զինված ստորաբաժանումներն է Իրաք ուղարկել նաև Իրանը, իսկ լիբանանյան «Հիզբալլահ» շիայական ռազմական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահը ևս օրերս հայտարարել էր, թե, Սիրիայի օրինակով, անգամ առավել լայն ներուժով, իրենք պատրաստ են միջամտել նաև Իրաքում ընթացող ռազմական գործողություններին:
Թերևս հենց ասվածի համատեքստում էր հունիսի 24-ին իրաքյան ալ-Կայիմ քաղաքում սիրիական օդուժի կողմից իրականացված ավիահարվածներն՝ ուղղված ԻՇԻՊ-ի դեմ, որի հետևանքով սպանվել էր շուրջ երկու տասնյակ մարդ:
Այս նույն տրամաբանության մեջ է նաև Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի արձագանգը վերոնշյալ ավիահարվածների առնչությամբ: «Մենք Սիրիայի հետ չենք կոորդինացնում մեր քայլերը, բայց ողջունում ենք նման գործողությունները: Մենք ողջունում ենք Սիրիայի կողմից ձեռնարկված ցանկացած գրոհ՝ ուղղված ԻՇԻՊ-ի դեմ, թեպետ չենք դիմել սիրիացիներին նման խնդրանքով, սիրիացիներն իրականացրել են իրենց, մենք՝ մեր հարվածներն, արդյունքում շահեցին երկու երկրներն էլ»,- նշել է ալ-Մալիքին:
Վերոնշյալն, ըստ էության, փաստում է այն իրողությունը, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները և հատկապես սուննիական ծայրահեղական խմբավորումների ակտիվացումը մղում է համարժեք պատասխան դիրքորոշման՝ «շիայական շղթայի» բոլոր օղակների՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի և լիբանանյան «Հիզբալլահի» սերտ համագործակցության տեսքով: 

Կից նյութը կարդացեք այստեղ: