16:28 , 26 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Չնայած Հայաստանը 1993 թկականից առ այսօր միացել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի դեմ բազմաթիվ կոնվենցիաների, Հայաստանում իրավիճակը, մեղմ ասած, շարունակում է մնալ տխուր: Այս մասին այսօր՝«Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Այն, ինչ ներկայացնում է Խոշտանգումների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ, ոչ միայն ճշտվեց, այլև ավելի դաժան պատկեր ունեցանք: 90 տոկոսով չասեմ, անգամ՝ 100, մարդիկ ոստիկանական բաժանմունքներում ենթարկվել են ծեծի և ջարդի: Որպես կանոն, փաստաբան չեն ունեցել, օրինակ՝ 2012 թվականին 135 հոգուց փաստաբան ունեցել են երկուսը կամ երեքը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ 1993թ. հունիսի 26-ին Հայաստանը միացել է խոշտանգումների և դաժան անմարդկային վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնող և պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ համընդհանուր հռչակագրին և այլ կոնվենցիաների:
Ավետիք Իշխանյանը նշեց, որ Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներին հարցված 80 անձինք մանրամասն նկարագրել են, թե իրենց ինչպես են ծեծել, ինչ գործիքներով, ինչ ձևերով: Ուշագրավ է, որ իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցից հետո նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է տվել, որ ձերբակալված, կալանավորված անձանց ցանկացած մարմնական վնասվածքի դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց Հելսինկյան կոմիտեին դատախազությունը հայտնել է, որ հարուցվել է 5-6 քրեական գործ, որոնք հետագայում բոլոր կարճվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ