5 կարճ պատմություն, որոնք կհուզեն անգամ ամենասառնասիրտ մարդկանց


16:10 , 26 հունիս, 2014

 ***

Այսօր աղջիկս ամուսնացավ: 10 տարի առաջ ես մի 14-ամյա տղայի փրկեցի՝ դուրս հանելով նրան վառվող ավտոմեքենայի միջից: Բժիշկներն ասացին, որ նա ողջ կյանքում չի կարողանա քայլել: Աղջիկս ինձ հետ միասին մի քանի անգամ այցելեց նրան հիվանդանոցում: Հետո նա սկսեց առանց ինձ հիվանդանոց գնալ, իսկ այսօր ես տեսա, թե ինչպես նա՝ երկու ոտքերի վրա ամուր կանգնած, ամուսնական մատանի դրեց իմ աղջկա մատին: Երբեմն սերը բժիշկներից ավելի սրատես է լինում:

 ***

Այսօր, երբ նա դուրս եկավ ավելի քան մեկ տարի տևող կոմայից, համբուրեց ինձ ու ասաց.

Շնորհակալություն, որ խնամում էիր ինձ, որ ինձ այդպիսի սքանչելի պատմություններ էիր պատմում և որ միշտ հավատում էիր, որ կապաքինվեմ: Հա, մի բան էլ, ես համաձայն եմ քեզ հետ ամուսնանալ:

Փաստորեն անգամ կոմայի մեջ կինս լսել էր այն ամենը, ինչ ես ասել էի հիվանդասենյակում:

***

Այսօր ես վիրահատեցի մի փոքրիկ աղջկա: Նրան անհրաժեշտ էր առաջին խմբի արյուն: Նրան միայն նրա զույգ եղբայրը կարող էր արյուն տալ: Ես բացատրեցի նրա զույգ եղբորը, որ սա կյանքի և մահվան հարց է: Նա մի փոքր մտածեց, իսկ հետո հրաժեշտ տվեց ծնողներին ու անցավ արյուն տալու: Ես չհասկացա, թե նա ինչու այդքան երկար ու ջերմ հրաժեշտ տվեց ծնողներին, մինչև որ մենք նրանից արյուն չվերցրինք: Դրանից անմիջապես հետո նա ինձ հարցրեց.

- Իսկ ես ե՞րբ եմ մահանալու:

Տղային թվացել էր, թե արյուն տալուց հետո ինքը մահանալու է, սակայն նա համաձայն էր հանուն քրոջ սեփական կյանքը զոհաբերել: Փառք Աստծո, ներկայումս նրանք երկուսն էլ առողջ են:

***

Իմ հայրը աշխարհի լավագույն հայրն է: Նա շատ է սիրում ինձ ու մայրիկիս: Հինգ տարեկանից սկսած նա ինձ ֆուտբոլի է տարել և ներկա գտնվել իմ բոլոր խաղերին: Հիմա ես 17 տարեկան եմ ու դեռ չեմ աշխատում: Հայրս է տան միակ աշխատողը: Նա ապահովում է մեզ ամեն ինչով: Այսօր ես հորս սենյակում գտա մի կեղտոտ թուղթ: Կարդացի ու հասկացա, որ դա հորս օրագրի էջերից էր: Այնտեղ գրված էր.

«Ես 19 տարեկան հարբեցող եմ, ով դուրս է մնացել համալսարանից: Ես ինքնասպանության անհաջող փորձ եմ կատարել, զբաղվել եմ հանցավոր գործունեությամբ, իսկ հաջորդ ամիս ես հայր կդառնամ, սակայն երդվում եմ, որ իմ երեխայի կյանքում ամեն ինչ լավ կլինի: Ես նրա համար այնպիսի հայր կդառնամ, որն ինքս երբեք չեմ ունեցել»:

Չգիտեմ, թե ինչպես, բայց հայրիկիս մոտ ստացվեց իր խոստմանը հավատարիմ մնալ:  

***

Այսօր ես առաջին անգամ իմ 12-ամյա տղա Շոնի հետ այցելեցի հիվանդանոցում գտնվող մորս: Նա տառապում է այցգեյմեր հիվանդությամբ: Երբ մենք մտանք հիվանդասենյակ, բուժքույրն ասաց. «Բարև, Շոն»: Ես հարցրի տղայիս.

Բուժքույրը որտեղի՞ց գիտեր քո անունը:   

Շոնն ասաց.

Ես դասերից հետո հաճախ եմ գալիս այստեղ տատիկին տեսության:

Ես պատկերացում անգամ չունեի, որ Շոնն առանց ինձ այցելում է իր հիվանդ տատիկին: