12:12 , 26 հունիս, 2014«Ես այդքան տարի աշխատում եմ թատրոնում և հեռուստատեսությունում, 200 դրամի համար ինչո՞ւ պետք է իմ անվան հետ խաղայի»
© Արտավազդ Հովհաննիսյան
Պարոն վաստակաշատ արտիստը հերթական հարցազրույցն է տվել, որտեղ հերթական անգամ գիտաֆանտաստիկ ժանրի հետ մրցակցող պարզաբանումներ է տվել, միստիցիզմի հոտով խոստում է տվել, ինչ-որ դարակազմիկ ասուլիս հայտարարել, դե մեկ էլ, բնականաբար, հայտարարել է, որ որոշ չար մարդիկ իր առաջ փոս են փորում, իսկ մասնավորապես ձեր խոնարհ ծառան՝ տո բիշ ես, Բադասխան ա տալու («...թողնելու եմ իմ գործերը և գամ Հայաստան, իսկ իմ մասին նման հրապարակում կատարած լրագրողը պատասխան է տալու» © Այդքան տարի 200 դրամին զոհ չգնացած Արիկ):
Քանի որ հայկական կինոյի նոր Մառլոն Բրանդոն վրա-վրա ինչ-որ մեղադրա-պարզաբանա-կռուտիտական մտքերը ա փոնում մեզ, և քանի որ դրանից ոմանք մասնակիորեն կամ ուղղակիորեն վերաբերում ինձ, ուզում եմ մի շարք պարզաբանումներ մտցնել ու կիսվել փաստերով (ոչ թե իմ եզրահանգումներով կամ ենթադրություններով):
- Պարոն թատրոնի ու կինոյի բազմամյա մարգարիտին ուզում եմ տեղեկացնել, որ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ով էր ու ով է այս պատմության մեջ «փիս տղու» դերում: Անգամ հիմա, երբ բոլոր սլաքները մեր անկաշառ Արիկի վրա է ուղղված, ես չեմ համարում, որ միակ մեղավորն ինքն է, սակայն դա էլ չէ էականը: Ուզում եմ, որ ինքը ու իր ընկերները, հարազատներն ու կարեկիցները (եթե կան այդպիսիք) հասկանան, որ ես ոչ թե անհատի դեմ եմ պայքարում ու հանուն ինչ-որ կոնկրետ երեխայի, այլ պայքարում եմ ընդդեմ մի տգեղ ու պիղծ երևույթի (հիվանդ ու օգնության կարիք ունեցող երեխու հաշվին գրպաններ լցնելն ու հանրության վստահությունը չարաշահելը), հանուն մի հատ ավելի վեհ ու լուսավոր երևույթի (մերձավորին օգնելը):
- Ես հազար հատ ենթադրություններ, եզրահանգումներ, հուշումներ ու փողոցային մակարդակի տեղեկատվություն կարող եմ ունենալ թատրոնի ու կինոյի մեր վերջին հույսի մասին, բայց դա երկրորդական է, քանի որ խոսում ենք միայն փաստերով: 21-րդ դարում, եթե դու Մոզամբիկում չես, ապա ընդհանրապես խնդիր չի բանկային հաշվիդ քաղվածքը հանելը. րոպեների հարց է, անկախ նրանից՝ կալանք է դրված, թե՝ չէ: 21-րդ դարում առավել ևս խնդիր չէ դրանք եթե ոչ խմբագրություն բերելը, ապա սկան անելը, կամ էլ հեռախոսի կամերայով նկարելն ու համացանցում տեղադրելը: Խնդիր չէ, բայց չի արվում ու չի արվում արդեն երկու ամիս և ամեն անգամ ինչ-որ հերթական «պատճառով»:
- Բացի հաշվեհամարին փոխանցելուց, արտիստոց-արտիստը տիկին Լալային անձամբ է հեռախոսով խոսք տվել, որ ինքնաթիռի էլեկտրոնային տոմսեր կգնի Էրիկի ընտանիքի համար: Է՞դ էլ էր սխալ հաշվեհամարի փոխանցել: Չգիտեմ, բայց էս թեմայով մեծն մաեստրոն համեստորեն լռում է:
- Վերջապես վերջին փաստը չասեմ, այլ ճշմարտությունը. էս աշխարհում մի հատ աններելի մեղք կա, ըստ իս, ինքնասպանությունը: Մնացած բոլոր դեպքերում քեզ կարող են ներել... եթե, իհարկե, ընդունում ես այդ սխալդ ու ներողություն ես խնդրում: Անձամբ ես հիմա էլ ոչ նպատակ ունեմ, ոչ էլ ցանկություն Արտավազդ Հովհաննիսյանին պարբերաբար նեղացնել ու կշտամբել այսպես հրապարակավ, բայց եթե մարդը ոչ միայն չի անում, ինչ պետք է անել այս իրավիճակում, այլև հոխորտում է, իսկ երբեմն էլ փորձում սպառնալ (իհարկե, ոչ ինձ), ապա սա, թերևս, ամենափափուկ ու քաղաքակիրթ ձևն է, որով կարելի է դրան պատասխանել:
Հ.Գ. Էլի շատ բաներ կարող եմ ասել` համ լավ, համ վատ, համ ահավոր վատ, բայց այսքանով ուզում եմ սահմանափակվել, որովհետև սիրտս վկայում ա, որ սույն կրեաատիվ էակի ֆանտազիան դեռ նոր բաներ է մոգոնելու ու էս կինոն դեռ էլի սերիաներ է ունենալու, որում ի հայտ են գալու նոր փիս տղերք (ինչում գրեթե համոզված եմ), դրա համար խնայում եմ ձեր նյարդերն ու կարդալու զահլեն և ասում եմ.
Շարունակությունը՝ հաջորդիվ
Կից նյութն այստեղ: