ԱՄՆ-ը դեռևս չի ծրագրում չեղյալ հայտարարել նավթի արտահանման արգելքը


09:40 , 26 հունիս, 2014

3-28-oil1in.am-ը գրում է.

Նավթի հումքի արտահանման հարցի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը՝ մեկնաբանելով Wall Street Journal-ի հրապարակումը, որում հաղորդվում էր, որ Բարաք Օբամայի վարչակազմն իբր թուլացնում է արտասահմանյան շուկաներ հումքի մատակարարման 40-ամյա արգելքը:

«ԱՄՆ առևտրի նախարարությունը Տեխասի երկու էներգետիկ ընկերությունների թույլ է տվել արտահանել, այսպես կոչված, գերթեթև նավթ, որի պաշարներն ԱՄՆ-ում վերջին շրջանում ավելացել են թերթաքարային հանքավայրերի ակտիվ մշակման ֆոնին»,- նշել է պարբերականը: Գերթեթև նավթը, որը հայտնի է որպես կոնդենսատ, առատ է թերթաքարային ապարներում:

Ինչպես պարզաբանել է Էռնեստը, ԱՄՆ առևտրի նախարարության նման որոշումը կրում է խիստ սահմանափակ բնույթ և չի տարածվում ողջ ոլորտի և ածխաջրածինների բոլոր տեսակների վրա:

Հիշեցնենք, որ արգելքը սահմանվել էր 1973 թվականին՝ ի պատասխան արաբական երկրների կողմից արևմտյան երկրներ նավթի մատակարարումների էմբարգոյի:

Ինչպես նշել է Wall Street Journal-ը, գերթեթև նավթը նվազագույն վերամշակումից հետո կհայտնվի «նավթամթերք» կատեգորիայում, և այդպիսով՝ այն կարելի է վաճառել արտասահմանյան շուկաներում:

«Նավթի մատակարարումները կարող են սկսվել արդեն օգոստոսին: Ըստ ամենայնի՝ սկզբում դրանք կլինեն ոչ մեծ»,- գրել է թերթը: