09:24 , 26 հունիս, 2014
Ասում են՝ երջանիկ է այն մարդը, ով կարողանում է իր կյանքի վերջը կապել սկզբի հետ: Հավանաբար այս իմաստնությունը ոմանք բառացի են հասկացել և ուզում են երջանկանալ` միկոյանների ու բաբաջանյանների ժամանակները փառաբանող հուշարձաններով հիշելով իրենց սկիզբը...
Իսկ ինձ թվում էր, թե մեր սկիզբը շատ ավելի հեռավոր ու լուսավոր ժամանակներում է եղել... Իսկ ամենաերանելի սկիզբներից վերջինը` հազարախորան Անիում, երբ, պատմիչ Ասողիկի վկայությամբ, արքայից արքա Գագիկ Բագրատունու օրոք Հայաստանն այնքան էր զորեղացել, որ չէր երկնչում նույնիսկ Բյուզանդիայից... Երբ Սպարապետ Վահրամ Պահլավունին իր ամեհի թրով կանգնած էր հայոց ինքնիշխանության ու ամբողջականության ճանապարհին և իր Երկրի սահմաններն առաջին անգամ ոտք դրած սելջուկ-թուրքերի ոհմակներին էր պատառոտում...
Ու՞մ սկիզբն էին այս հսկաները, ո՞վ պիտի մեծարման ու խոնարհումի հուշակոթողով հիշեցնի ու վերահստատի նրանց հպարտ ներկայությունը մեր օրերում... Ե՞րբ է գալու Գագիկ Արքայի ու Վահրամ Պահլավունու անավարտ սկզբի վերարծարծումով երջանկացող սերունդը...