Աֆրիկա և...Աֆրիկա


09:21 , 26 հունիս, 2014

Մի ամերիկացի մարդաբան արմավենու մոտ դրեց մի զամբյուղ մրգեր և առաջարկեց մի խումբ աֆրիկացի երեխաներին վազել դեպի զամբյուղը՝ խոստանալով ողջ զամբյուղը հանձնել առաջինը տեղ հասնողին: Երեխաները ձեռք-ձեռքի տված վազեցին դեպի զամբյուղը, իսկ հետո միասին վայելեցին զամբյուղի պարունակությունը: Զարմացած մարդաբանի հարցին, թե ինչու նրանք վազեցին միասին և ոչ մեկը չփորձեց իրենով անել մրգերը, երեխաները պատասխանեցին. «Հնարավոր չէ, որ մեկը լինի երջանիկ, եթե մյուսները տխուր են: Ես գոյություն ունեմ, քանզի մենք գոյություն ունենք»: Սա է մաքուր, չապականված Աֆրիկան:
Սակայն կա նաև այլ Աֆրիկա: Սկանդալային միջադեպերից անպակաս է ֆուտբոլի Կամերունի հավաքականը: Նախ թիմն ընդհանրապես չէր ուզում ժամանել Բրազիլիա՝ պատճառաբանելով դա պարգևավճարների վերաբերյալ համաձայնության բացակայությամբ, ապա հրաժարվեց մասնակցել դրոշի հանձնման արարողությանը, հետո պարզվեց, որ Բրազիլիա ֆուտբոլիստների հետ ժամանել են թեթևաբարո կանայք, ապա թիմի առաջատար Սամուել Էտո՛Օն որոշեց բնակվել «Լյուքս» դասի հյուրանոցային համարում, իսկ մարզումներին և խողերին գալ շքեղ ավտոմեքենայով, մինչդեռ թիմակիցները ժամանում էին տաքսիներով: Իսկ սկանդալների գագաթնակետը դարձավ կամերունցի ֆուտբոլիստների ծեծկռտուքը հենց խաղի ժամանակ: Սա էլ է Աֆրիկա: Սակայն՝ այլ, եվրոպականացված Աֆրիկա, քանզի Կամերունի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս եվրոպական ակումբներում և վաստակում միլիոնավոր եվրոներ: 
Ուստի խորհենք, թե ինչ է մեզ պետք, իսկ ինչը՝ ոչ: