
Ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով: Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ:
Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և ուրիշ այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների: Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ:
Հասարակական գործունեությանը զուգընթաց Զոհրապը եռանդով մասնակցում էր նաև գրական կյանքին:
Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Նրա նորավեպերը լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1908 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.):
Գրողի ստեղծագործական ժառանգության կարևոր էջերից են «Անհետացած սերունդ մը» (1883 թ.) վեպը, որտեղ պատկերել է պոլսահայ երիտասարդության կյանքը, «Չինական նամականի» (1884 թ.), «Ուղևորություն մը հիշատակներուս մեջ» (1898–1903 թթ.) հրապարակախոսական ակնարկները, «Անբարոյական գրականություն» (1892 թ.), «Նոր լրագրություն» (1892 թ.) քննադատական հոդվածները, «Ծանոթ դեմքեր» (1891–1909 թթ.) գրական դիմանկարների շարքը:
Սուլթան Համիդի բռնապետության օրերին, երբ մտավորականներից շատերը հեռանում են երկրից, նա մնում է Կ.Պոլսում՝ շարունակելով հանդես գալ մամուլում հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածներով՝ նվիրված հասարակական ու գրական կյանքի հրատապ խնդիրներին: Նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները մեծապես նպաստել են հայ ստեղծագործող մտավորականությանը համախմբելու, գրականության մարմրող ջահը վառ պահելու գործին:
1908թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գալիս կեղծ ժողովրդավարության դիմակով: Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա շարունակում էր իր ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը: Սակայն նոր իշխանությունները շուտով ցույց են տալիս իրենց իսկական դեմքը՝ 1909թ. կազմակերպելով Կիլիկիայի հայության կոտորածը: Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հետագայում և հանգեցնում 1915թ. Մեծ եղեռնին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ:
Զոհրապը ձերբակալվել է 1915-ի մայիսի 20-ին և սպանվել աքսորի՝ Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին: