16:29 , 18 փետրվար, 2012
Կարելի է հավատալ, որ կյանքը դա մի շղթա է, որտեղ քո ամեն մի հաջորդ քայլը նախապես նշված է: Կարող ես ինքդ քեզ համոզել, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան թվում է, և ապագան շատ գեղեցիկ է լինելու: Կարող ես ինքդ քեզ նվիրել աշխարհի բոլոր ժպիտները, և ինքդ քեզ համոզել, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, քանի որ ստացել ես աշխարհի բոլոր ժպիտները…Կարող ես ստիպել մարդկանց նվիրել քեզ իրենց հոգիները, կարող ես տալ նրանց քեզանից մասնիկներ, կարող ես ստիպել նրանց հավատալ, որ դու ժպտում ես…
Բայց իրականում, երբ երեկոյան հանգիստ , միայնակ պառկած լինես քո սենյակում, երբ փորձես աչքերդ փակել և ևս մեկ օր անցկացնել առաջ, դու կտեսնես այն, ինչը այդքան համառորեն թաքցնում ես ուրիշներից: Դու կտեսնես քո արցունքները, կտեսնես քո չիրականացած երազանքները, կտեսնես քո անցած ժամանակը, կտեսնես այդպես էլ երբեք քո կողմից չասված խոսքերը և չլսված բառերը…Կտեսնես, նրա աչքերը, որոնք երբեք քեզ չեն նայել, նրա գեղեցիկ ժպիտը, որն այդպես էլ երբեք քեզ համար չի ժպտացել, նրա այրվող շուրթերը, որոնք դու երբեք չես համբուրել…
Եվ դու կփակես քո աչքերը, քանի որ միևնույնն է գիտես առավոտյան նոր օր պետք է բացվի: Առավոտյան ամեն ինչ փոխվելու է: Առավոտյան նոր կյանք սկսելու լավագույն ժամանակն է լինելու: Առավոտյան հենց այն պահն է, երբ դու պետք է այդ ամենը անես: Երբ սկսես քայլել դեպի քո երազանքները, երբ սկսես լսել նրա ձայնը, երբ սկսես ասել այդ բառերը, որոնց համար դու այդքան պայքարել ես: Առավոտյան, երբ լույսը կբացվի, մի նոր հույս կծնվի նրա հետ միասին: Առավոտյան քո աշխարհը կգունավորվի նոր երանգներով: Այնտեղ այլևս մթություն չի լինի….
Բայց, երբ դու արթնանում ես, հասկանում ես, որ երեկոյան հերթական անգամ ընկել էիր երազներիդ հետևից: Որ , ինչպես միշտ, այնպես էլ հիմա դու ոչինչ չես փոխելու: Որ , ինչպես միշտ, այնպես էլ հիմա, դու ոչինչ չես ասելու: Որ ինչպես միշտ, այնպես էլ այժմ, դու ոչ ոքի օգնության կարիքը չես զգալու: Որ , ինչպես միշտ, այնպես էլ այժմ, դու կրելու ես քո դիմակը, սովորական ժպիտով և պատրաստվելու ես խաբել մարդկանց, որպեսզի նրանք նվիրեն քեզ իրենց ժպիտները, իրենց հոգիներից մի փոքրիկ մասնիկներ: Որպեսզի դու զգաս, որ դու ինչ որ մեկի համար դեռ կարող ես կարևոր լինել: Որ ինչ որ մեկին դու դեռ կարող ես ժպիտ պարգևել…
Եվ երեկոյան, երբ կփակես աչքերդ, արցունքներդ կխեղդեն քո հոգին: Քո հոգին, որը բաղկացած է տարբեր մարդկանց հոգիների մասնիկներից: Այնքան շատ, որ դու անգամ կորցրել ես քո սեփականը: Եվ, երբ արցունքներդ դուրս կժայթքեն քո կոտրված մարմնից, դու կհասկանաս ամենակարևոր բառերը…որոնք դու երբեք այդպես էլ ոչ ոքի չասեցիր, որոնք դու երբեք այդպես էլ ոչ ոքի կողմից չլսեցիր…
Եվ կմտածես, որ ամեն ինչ լավ է լինելու: Չէ, որ առավոտյան նոր օր է բացվելու: Նոր ճանապարհ, որը դու դեռ պետք է անցնես…