Ադրբեջանի հետ կապված եւս մեկ քննարկում է եղել. ԵԽԽՎ պատվիարկները հավանություն են տվել, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը, որը նախկինում որոշվել էր չառանձնացնել այդ երկրի մասին ընդհանրական զեկույցից, պատրաստվի առանձին: ԵԽԽՎ-ում կողմ են քվեարկել, որ իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄքՆամարան առանձին զեկույց պատրաստի Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության նկատմամբ սանկցիաներ կիրառելու ադրբեջանական նախաձեռնությանը, այն կքննարկվի ԵԽԽՎ բյուրոյի նիստում հունիսի 27-ին: Հայկական պատվիրակությունը քննարկումներ եւ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պատվիրակների եւ բյուրոյի անդամների հետ: Հերմինե Նաղդալյանը, խուսափելով դեպքերից առաջ ընկնել, այնուամենայնիվ նկատեց, որ ակնհայտ է` որեւէ հիմք այս որոշման համար չկա եւ առաջարկը, որը նեկայացրել են ադրբեջանցիները եւ ստորագրել են որոշ երկրների պատվիրակներ, առանց հիմնավորումների եւ փաստարկների է:
Նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ ԵԽԽՎ նստաշրջանում սպասվում են Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի ելույթները: Հայկական պատվիրակության դիրքորոշումը, որը քննարկվել է նաեւ այլ երկրների պատվիրակների հետ, հետեւյալն է` Ադրբեջանի հետ կապված հնչեցնելու շատ հարցեր կան` այդ երկրի ժողովրդավարական խնդիրների, մամուլի, հավաքների ազատությունների սահմանափակումների, սպառազինությունների մրցավազքի, քսենոֆոբիական հայտարարությունների եւ քաղաքականության առնչությամբ, սակայն որպես կանոն նման երեւույթների հետ կապված հարցերը ադրբեջանցի բանախոսներն օգտագործում են իրենց քարոզչությունը ԵԽԽՎ ամբիոնից առաջ մղելու համար: Այդ պատճառով հայ պատվիրակները ձեռնպահ կմնան Ադրբեջանի նախագահին եւ արտգործնախարարին հարցերով դիմելուց: Հայկական պատվիրակությունը կաշխատի, որպեսզի իր մոտեցումները ներկայացվեն Ադրբեջանին ԵԽԽՎ առաջարկների ձեւով:
Հայ պատվիրակներն ազատ դեբատների ժամին կհերթագրվեն ելույթների համար, սակայն եթե ելույթի հերթ չհասնի, ապա գրավոր կտարածվեն մոտեցումները` ընդգծելով, որ պետք չէ պրոպագանդիստական ելույթներ ունենալ, այլ պետք է սեփական երկրի ներսում լուծել առկա խնդիրները:
