Ինչու է կարևոր Աֆրիկյանների ակումբի համար պայքարը


23:02 , 22 հունիս, 2014

Ակտիվ քաղաքացիները Աֆրիկյանների ակումբի բակում։ Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի (հրապարակված Herq.am-ում)Ես միշտ մտածել եմ, որ Ցեղասպանության ամենավատ հետևանքներից մեկն ընդհատված պատմությունն է։ Այսինքն էն, որ քեզ ասում թե եսիմքանի հազար տարվա պատմություն ունես, բայց քո անմիջական շրջակայքում դու տեսնում ես ամենաշատը 50-60 տարվա պատմություն։ Ու դա, ինձ թվում է, ահագին սահմանափակում է հասարակության զարգանալու հնարավորությունը, քանի որ նման միջավայրում դժվար է ընկալել պատմության ու մշակույթի շարունակակությունը, հասկանալ թե այդ շարունակակության ո՛ր հատվածում ես գտնվում դու։ Դժվար է քեզ, որպես մշակութային մարդ, ամբողջական զգալ։

Ու հենց դա նկատի ունենալով, ես կարծում եմ, որ մեզ համար անասելի կարևոր է պահպանել 50-60 տարուց ավելի հին և մշակութային արժեք ունեցող ցանկացած շինություն։ Պահպանել ցանկացած գնով, հարկ եղած դեպքում պաշտպանել ատամներով։ Ցավոք, մենք երևանցիներս, դա այդքան էլ լավ չենք արել մինչև այժմ։ Արդյունքում կորցրել ենք Հին Երևանը գրեթե ամբողջությամբ։

Բայց գուցե սառույցը հիմա տեղից շարժվում է։ Այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում ակտիվիստների քաղաքացիների մի խումբ ամեն օր հավաքվում է Աֆրիկյանների ակումբի մոտ՝ թույլ չտալու, որ այն քանդեն։ 130 տարվա հնություն ունեցող հուշարձանը հռչակվել է հանրությանը պատկանող տարածք և այստեղ ամեն օր մշակութային և հասարակական միջոցառումներ են անց կացվում։ Աֆրիկյանների ակումբի համար պայքարը ոչ միայն 1 հուշարձանի ճակատագրի համար է։ Աֆրիկյանների ակումբն այն օջախն է, որտեղ ձևավորվում է իր մշակութային ժառանգությանը տեր կանգող հասարակությունը։ Ու ինձ թվում է, որ այս քաղաքի, այս երկրի ապագայի մասին մտածող յուրաքանչյուր երևանցի պետք է գոնե 1 ժամ անց կացնի Աֆրիկյանների բակում՝ իր մասնակցությունն ունենալու շենքի պաշտպանության գործին։

Սառույցը շարժելու համար պետք է, որ շարժողները շատ լինեն։