Գազի հանձնաժողովում քառյակը խուսափեց պատասխանատվությունից. Անդրիաս Ղուկասյան


16:39 , 22 հունիս, 2014

Tert.am-ը գրում է

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ գազի սակագնի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովը միակն էր, որտեղ գործող ոչ իշխանական քառյակը կարող էր արդյունավետ աշխատել:

«Սկզբում 10 անդամ ուներ, սակայն մայիսի 22-ին ԱԺ-ն այդ հանձնաժողովը ևս երկու անդամով լրացնելու որոշում ընդունեց, նրանց թիվը դարձավ 12, որից վեցը ՀՀԿ-ական են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ քառյակը գիտակցաբար հանձնել է այդ հանձնաժողովում իր մեծամասնություն կազմելու հնարավորությունը իշխող կուսակցությանը, որպեսզի խուսափի պատասխանատվությունից:

Նրա խոսքով՝ այդ ամենը հիմք է տալիս համարելու, որ հանձնաժողովի իրական նպատակն է՝ քողարկել գազի սպասարկման ոլորտում տեղի ունեցող անօրինականությունները , այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անօրինական գործողությունները: Եվ դա նաև բխում է հանձնաժողովի միջանկյալ զեկույցի տվյալներից:

«Կա նպատակ՝ քողարկելու այն փաստը, որ տարիներ շարունակ «Հայռուսգազարդ» ընկերությունը արհեստական վնասներ է կուտակել, խուսափել է շահութահարկի վճարումից, նաև՝ այն հանգամանքը, որ սահմանված սակագները չեն համապատասխանում օրենքի պահանջներին, ակնհայտորեն գերազանցում են բոլոր տրամաբանական չափերը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Վերջինս նաև նկատեց, որ Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ սահմանից մինչև սպառողին գազը նման գնով է հասցվում:

«Ցավում են, որ քառյակը նման որոշում կայացրեց՝ հանրության համար կարևոր հարցում խուսափելով պատասխանատվությունից»,-ավելացրեց նա: