forrights.am. «Բացի հրազենային վնասվածքներից, հանգուցյալի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են տարբեր մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը առաջացել է մահվանից ոչ շատ առաջ։ Կապտուկները, արյունազեղումներն ու քերծվածքները կրծքավանդակի, ոտքի, ծնկի, գլխի գագաթակողային շրջանում են, առաջացել են բութ առարկայի հարվածի հետևանքով և նույնպես ապացույց են, որ Գրիշա Խաչատրյանին սպանել են», երեկ ժամկետային զինծառայող Գրիշա Խաաչատրյանի դիահերձմանը մասնակցելուց հետո հայտարարել է բանակում մահվան դեպքերով անկախ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը՝ հավելելով. «Հաշվի առնելով վնասվածքների ուղղվածությունն ու քանակը անփութության կամ թյուրիմացության մասին խոսք լինել չի կարող, ինչպես փորձել է ներկայացնել Սեյրան Օհանյանը»:
Փորձագետն այսպիսով ամբողջությամբ հերքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկ լրագրողներին տված զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ բացատրությունները, թե զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Նախարարը ոչ միայն հայտնել է, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն զինվորի մահվան մասին, այլև իր վրա վերցնելով իրավապահ մարմինների գործառույթը՝ որակել է նաև մեղադրանքը:
«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք, սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել», վստահեցրել էր նախարարը:
Ավելի վաղ ՊՆ-ն զինվորի մահվան դեպքի հետ կապված տարածել էր մի հաղորդագրություն, որը իշխանամետ լրատվամիջոցները ներկայացրել էին որպես սահմանային դեպք, իսկ որոշ լրատվամիջոցներ մեջբերել էին ՊՆ մամուլի խոսնակի խոսքը, թե զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից: Հակասական այս տեղեկությունները ճշտել ցանկացող լրատվամիջոցները ամբողջ օրվա ընթացքում փորձում էին ՊՆ խոսնակից ստանալ հստակ պատասխան, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչին հետևում էր «դեպքի վայրում են գտնվում մասնագետներն ու կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ» պատասխանը:
Այսինքն, ՊՆ-ն ամեն կերպ խուսափում էր հայտնել իրողությունը, և ահա այդ դժվարին գործն իր վրա վերցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ օրվա վերջում լրագրողներին հրամցնելով զենքի օգտագործման կանոնների խախտման մասին պատմությունը:
Իսկ արդեն օրվա ավարտին, երբ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել էր զինծառայողի սպանության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, Panorama.am կայքում ուշ գիշերին հայտնվեց նոր պաշտոնական տեղեկություն: