Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը բացարձակ պրովոկացիոն փորձ է. Հ. Նաղդալյան


21:33 , 21 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հունիսի 23-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը ենթադրում է լինել բավական բուռն, Ադրբեջանը ստանձնելու է ԵԽ ԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, ինչի կապակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթը: Այս և վերջին շրջանում Ադրբեջանի շուրջ ԵԽ ԽՎ-ում ծավալվող մի շարք իրադարձությունների մասին Tert.am-ը զրուցեց ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկի´ն Նաղդալյան, եկող շաբաթ ԵԽ ԽՎ-ում Դուք կստանձնեք հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, բայց պետք է ասել, որ բավական փորձություններով աշխատանքային սկիզբ է սպասվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այս տարի ստանձնելու է ԵԽ ԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, հետևաբար մտավախություն կա, որ այդ երկրի ղեկավարությունը ամեն կերպ կօգտագործի այդ ամբիոնը՝ իր երկրի շահերին ծառայեցնելու համար: Առավել ևս, որ մինչ նստաշրջանը, հարևան պետությունն արդեն անցել է իրեն բնորոշ սադրիչ դիրքավորմանը, նկատի ունեմ վերջերս Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստի ընթացքում հրահրած խարդավանքները, ինչպես նաև՝ ադրբեջանական պատվիրակության կողմից ԵԽ ԽՎ քարտուղարությանը ներկայացրած՝ Ելհան Սուլեյմանովի հեղինակած բանաձևի նախագիծը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի: 

Ձեր դիտարկումները:

- Պետք է ասեմ, որ սա ադրբեջանական պատվիրակության կողմից բացարձակ պրովոկացիոն փորձ է: Խորապես հասկանալով, թե ամբողջ Եվրոպայի կողմից իրենց ուղղված ինչպիսի գնահատականներ կան, հիշեցնենք, որ ամբողջ եվրոպական մամուլը հեղեղված է Ադրբեջանում ժողովրդավարության խախտումների, անօրինականությունների, անհանդուրժողականության մթնոլորտի արձանագրություններով, ինչպես նաև՝ հենց Բաքվում տեղի ունեցած նիստի ժամանակ ԵԽԽՎ-ն Ադրբեջանին խիստ քննադատության արժանացրեց մարդու իրավունքների հետընթացի, հասկարակական կազմակերպությունների աշխատանքի ծանր պայմանների, իրավապաշտպանների ձերբակալման և այլ առիթներով: Ուրեմն՝ գիտակցելով այս իրավիճակը, օգտագործում են մի տակտիկական հնարք, որպեսզի Ադրբեջանում խոսքի, մամուլի, հիմնարար ազատությունների այդ աղաղակող ոտնահարումների փաստից ուշադրությունը շեղեն այլ ուղղությամբ: Հայասատանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկում մտահոգիչ է ո´չ այնքան բուն առաջարկը, որքան Ադրբեջանի շարունակական փորձերը՝ ԵԽ ԽՎ հարթակը օգտագործելու որպես հակահայկական քարոզչության ամբիոն, թեև այդ ամենը բարձրաձայնվում է ո´չ միայն ԵԽ ԽՎ-ի, այլև՝ միջազգային այլ խորհրդարանական վեհաժողովներում կամ միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում: Բոլորովին վերջերս մենք տեղեկացանք նաև Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ձևաչափում իրենց պահվածքի մասին, և պետք է ասել, որ սա հենց նույն քաղաքականության դրսևորումն է: Իրենց հաջողվել է բավական մեծ թվով՝ շուրջ 5 տասնյակից ավելի պատգամավորների ստորագրություն հավաքել, և դա իսկապես մտահոգիչ է, թեև ես կարծում եմ, որ ո´չ միայն եվրոպացի մեր գործընկերների սթափ և ողջամիտ պահվածքը կարող է մեզ համար կռվան լինել, այլ նաև՝ այն հանգամանքը, որ այս նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է: Այն առաջին հերթին՝ չի տեղավորվում տրամաբանության որևէ շրջանակներում, որովհետև այն ակնարկը, որն իրենք անում են՝ համեմատական անցկացնելով Ռուսաստանի և Ղրիմի իրողության հետ, բացարձակ անտեղի է մեր դեպքում: Երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թ-ին անդամակցել են Եվրոպայի խորհրդին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հիմնական իրադարձություններից շուրջ 7-8 տարի անց՝ ստանձնելով երկուստեք պարտավորություններ՝ աջակցելու կոնֆլիկտի կարգավորման գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության, երկրի ժողովրդավարացման, օրենքի գերակայության, ուղղությամբ: Բացահայտ է մեկ բան՝ նախապես ստանձնած իր հանձնառությունների ճանապարհին Ադրբեջանն այսօր ետ է շարժվում, ոչ թե առաջ, իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտի կարգավորմանը, ապա միանշանակ է, որ նման բանաձևը էականորեն վտանգելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափում ընթացող բանակցային գործընթացը, հետևաբար այլ կերպ, քան սադրանք որակել սա՝ անհնար է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ