17:15 , 21 հունիս, 2014Կարլ Վորները զբաղվում է քանդակագործությամբ ու լուսանկարչությամբ: Նա բազում տարիներ աշխատում է գովազդային արդյունաբերության ոլորտում: Մի անգամ, երբ Կարլը ստեղծագործական ոգեշնչման կարիք էր զգում, նա դուրս եկավ փողոցներով շրջելու: Ճանապարհին նա մտավ շուկա և այնտեղ տեսավ շամպինիոններ: Նա դրանք նմանեցրեց ինչ-որ օտար ու զարմանահրաշ աշխարհում աճող ծառերի: Ոգեշնչվելով այդ տեսարանից՝ նա ստեղծեց իր առաջին մանրակերտ քանդակը, որում սնունդն օգտագործվում էր բնապատկեր նկարելու համար: Մի ստեղծագործությունը հաջորդեց մյուսին, և Վորներն աստիճանաբար խորացավ այս ասպարեզում: Բոլոր քանդակները հետագայում լուսանկարվում և համակակրգչային հատուկ ծրագրերի օգնությամբ ենթարկվում մանրակրկիտ մշակման:
Ժամանակի ընթացքում Վորների բնապատկերները համաշխարհային ճանաչում բերեցին նրան: Վորների՝ սննդամթերքի թեմատիկայով լուսանկարների շարքը հրապարակվեց տարբեր կայքերում ու գրքերում: Ամբողջական ֆոտոշարքը կազմված է 79 լուսանկարից: Դրանցից յուրաքանչյուրը ստիպում է դիտողներին մի պահ տեղափոխվել հեքիաթային աշխարհ, որտեղ նեխուրի տերևները հսկայական ծառերի, իսկ վարունգի բարակ կտորները՝ կամուրջի դեր են կատարում:












