15:01 , 21 հունիս, 2014Էնդի Լերները պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, ով բնակվում է Կալիֆորնիայում: Նա մասնագիտացած է բնանկարչության ու ճանապարհորդական լուսանկարչության ասպարեզում: Բնանկարչությունը բավականին լայն հասկացություն է նրա դեպքում, քանի որ նա ոչ միայն ցամաքային, այլև ստորջրյա տեսարաններ է լուսանկարում: Ստորև ներկայացված է նրա հետ անցկացված հարցազրույցներից մեկը:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ:
-Ես կարծես թե թարս եմ սկսել լուսանկարչական գործունեությունս: Թեպետ լուսանկարիչների մեծամասնությունը միայն որոշ ժամանակ լուսանկարչական գործունեություն ծավալելուց հետո են սկսում ստորջրյա վայրերում անցկացնել ֆոտոսեսիաներ, ես հենց սկզբից էլ սկսել եմ ստորջրյա վայրերում ֆոտոսեսիաներ անցկացնել: Իմ ծնողները սիրում էին սնորքելինգով զբաղվել: Մի քանի անգամ նրանց հետ ճանապարհորդելուց հետո ես մի փոքրիկ տեսախցիկ գնեցի: Ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվեց: Իմ ամենասիրելի ստորջրյա վայրերը գտնվում են Ինդոնեզիայում: Բնապատկերներ և վայրի կենդանիներ լուսանկարելու համար ես հաճախ ուղևորվում եմ Աֆրիկա ու Ասիա:
-Ձեր լուսանկարները շատ գեղեցիկ ու տպավորիչ են: Ինչպե՞ս եք կարողանում ջրի տակ այդպիսի բարձրորակ ու տպավորիչ լուսանկարներ ստանալ:
-Ստորջրյա վայրերում լավ լուսանկար նկարելու համար պետք է նախևառաջ լավ ջրասուզորդ լինես: Հակառակ դեպքում լուսանկարիչը չի կարողանա անհրաժեշտ դիրք գրավել ու կենտրոնանալ: Լուսանկարների համապատասխան լուսավորությունն ապահովելու համար հարկ է լինում արհեստական լույսեր տեղադրել ստորջրյա վայրերում: Դրանք կոչվում են ստրոբոսկոպիկ լույսեր:
-Ինչո՞ւ եք առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերում ստորջրյա լուսանկարչության հանդեպ:
-Ստորջրյա լուսանկարչությամբ զբաղվելիս ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես անծանոթ աշխարհ եմ ուսումնասիրում: Թեպետ ես փորձառու ջրասուզորդ եմ, ես մինչ օրս էլ ինչ-որ նոր բաներ եմ տեսնում ջրի տակ: Այնտեղ յուրօրինակ լուսանկարներ ստանալու համար բացառիկ հնարավորություններ կան:
-Ի՞նչ կցանկանայիք ասել սկսնակ լուսանկարիչներին, ովքեր զբաղվում են ստորջրյա լուսանկարչությամբ:
-Մինչև չսովորեք կարգին սուզվել և ջրի տակ տիրապետել Ձեր մարմնին, ֆոտոխցիկ մի՛ տարեք Ձեզ հետ ստորջրյա վայրեր: