22:50 , 20 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Նույնիսկ 35 աստիճանի շոգը բավարար չէ. պատգամավորները մթնոլորտն ավելի թեժացրին Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելիս: Փաթեթը նախատեսում է հուլիսի 1-ից գործարկել նպատակային սոցիալական վճարների Կուտակային կենսաթոշակի համակարգը, իսկ մասնավոր հատվածի համար ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում փուլային ճանապարհով: Պետական հատվածի աշխատողները կարող են իրենց սոցիալական փաթեթից վճարել կենսաթոշակային ֆոնդին:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի անուն ազգանունը կարմիր թելի պես առավոտից մինչեւ երեկո անցավ գրեթե բոլոր ելույթներում: Նա հայտարարեց, որ նախօրեին նախարարին ուղղված մեկ հարց կունենար` մի՞թե գիշերները հանգիստ է քնում: Հարցերն ավարտվեցին, պատասխանները հնչեցին, եկավ կարծիքների ժամանակը: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը մոտեցավ ամբիոնին ու հիշեց «Խաթաբալադա» ֆիլմը: Հովհաննես Մարգարյանն ընդամենը նկատի ուներ այն, որ հասարակությունը դեմ է պարտադիր բաղադրիչին եւ այն չի փոխվել: Իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Դեմ քվեարկելու մասին խոսեց նաեւ ՀՅԴ խմբակցությունը: Աղվան Վարդանյանի համոզմամբ` նոր օրինագիծը հասարակությունը բաժանում է երկու մասի:
ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ արտահերթ նստաշրջան հրավիրելու խնդրին, ըստ որի` Կուտակային կենսաթոշակայինի մասին նոր օրինագիծը խորհրդարան է բերվել ուշ եւ չեն հասցրել ուսումնասիրել: Բոլոր հարցերին անդրադարձավ Խոսրով Հարությունյանը: Նա պնդեց` ՍԴ-ն չի մերժել կուտակայինի գաղափարը, ՍԴ-ն պարտադիրի միջոցով սեփականության տիրապետման գաղափարն է մերժել, և փոփոխությունները նոր օրենքում արված են: Բացի այդ, ընդդիմությունը ժամանակ էր խնդրում 6 ամիս, կառավարությունը 3 տարի է տրամադրում:
Կուտակային կենսաթոշակայինի նոր օրինագծին հատկապես դեմ էին «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները: 4 ոչ իշխանական խմբակցությունների անդամները վիրավորված էին նախօրեին Հանրապետականի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքից:
Արծվիկ Մինասյանին պաշտպանելու գործին անցավ նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, որ Արծվիկ Մինասյանը հենց այն մարդն էր, որ փորձում էր իշխանության եւ ընդդիմության միջեւ լուծումներ գտնել, բայց հուսախաբվեց: Բացի այդ, նա անդրադարձավ կենսաթոշակային նախագծի թերություններին, հեգնելով, մեկ այլ օրինագիծ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ամբիոնին մոտեցավ արտահերթ: Նա հայտարարեց, որ օրինագիծը օրենքի բարեփոխված տարբերակն է եւ 3 տարի ժամանակ է ընձեռում ընդդիմությանը: Բացի այդ, անդրադարձավ հակառակ ճամբարի մեղադրանքներին եւ պահանջեց չվիրավորել եւ դասեր չտալ:
Հանրապետականը վստահեցրեց, որ սա լավագույն լուծումն է եւ կատարում է Սահմանադրական դատարանի բոլոր պահանջները: 4 ոչ իշխանականներն ու ՕԵԿ-ը հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու կենսաթոշակային նոր օրինագծին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ