16:37 , 20 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցել է նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա են եղել ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:
Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը խոսել է իր արմատների, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի մասին: Նա արժևորել է հայ ժողովրդական երգը և տեղեկացրեց, որ շուտով հայ ունկնդրին կներկայացնի հայերեն երգերի կատարմամբ իր տեսահոլովակը: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ռեժիմով: Ճանաչված երգչուհին պատասխանել է ներկաներին հետաքրքրող Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգի բարդությունների հաղթահարման, հայերենի տիրապետման, երգի նկատմամբ տածած սիրո, հաջողություններին հասնելու ճանապարհի մասին հարցերին:
Եվա Ռիվասի փիար-մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց հայ երգի մեծավարպետ կատարողի ապագայի ծրագրերի, վրաց երգարվեստի հետ նրա կապերի, 10+10 հեռուստածրագրի մասին:
Ներկաների խնդրանքով Եվա Ռիվասը կատարել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգը: Այնուհետև «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի անդամների կատարմամբ հնչեց «Ծիրանի կորիզ» հանրահայտ երգը, որին միացել է երգչուհին: Նա ունկնդրել է նաև Մակար Եկմալյանի անվան երգչախմբի անդամներից մի քանիսին: Վերջում մասնակիցները մի քանի երգեր են կատարել և նկարվել ճանաչված երգչուհու հետ: