14:15 , 20 հունիս, 2014
Չիլիացի երկրպագուները այնքան բուռն են նշել իրենց հավաքականի պատմական հաղթանակը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ, որ ոմանք կարող են հայտնվել ճաղերի հետեւում:
Իրենց ֆուտբոլիստների հաջողությունից արբեցած նրանք վնասել են ավելի քան 500 ավտոբուս:
Անկարգությունները տեղի են ունեցել հինգշաբթի գիշեր՝ մայրաքաղաք Սանտյագոյում: Տեղական իշխանությունների հավաստմամբ, ֆուտբոլային որոշ խուլիգաններ ավտոբուսների վարորդներին ստիպել են ընթանալ այլ երթուղով, կոտրել են մեքենաների ապակիները, նստարանները եւ, նույնիսկ,
թռցրել են քաղաքային տրանսպորտում առկա կրակմարիչները: Շուրջ 40 վարորդ վիրավորվել է, ոմանք դիմել են բժիշկների օգնությանը:
Երկրի տրանսպորտի նախարար Անդրես Գոմես-Լոբոն հայտարարել է, որ ֆուտբոլիստները փառահեղ հաջողության են հասել, բայց երկրպագուներն այս անկարգություններով «գրավել են սեփական դարպասը»: Իրավապահները խոստացել են գտնել եւ պատասխանատվության ենթարկել ջարդերի մեղավորներին: